COVID-19-ով վարակված քաղաքացիներին հայտնաբերելու համակարգի շնորհիվ Հայաստանում հաջողվել է հայտնաբերել նախկինում 1938 վարակակիրների հետ շփված 36 հազար մարդու: Այս մասին մայիսի 14-ին ԱԺ արտահերթ նիստում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության արդեն ուժի մտած որոշման քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Նրա խոսքով՝ զտվել է անձանց շրջանակը, որոնց հետ շփվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացին: Փոխվարչապետը նշեց, որ այդ համակարգը Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի աշխատանքի արդյունավետությունը մեծացնում է 20-30 տոկոսով: