Ադրբեջանում շարունակում են անտեսել ուղիղ միջազգային պարտավորությունների կատարումը:

Հիշեցնենք, որ այս երկրում շուտով նախատեսվում է անցկացնել հարձակողական բնույթի զորավարժություններ: Բայց Բաքվում, ինչպես նախկինում, այս մասին «մոռացել» են հայտնել: Այս կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին եւ նախազգուշացրել՝ Հայաստանի սահմաններին եւ Արցախի հետ շփման գծին տեխնիկայի եւ կենդանի ուժի մոտեցնելը գնահատվելու է որպես սադրանք՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Ի պատասխան՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտարարել են՝ «մեր բանակը զորավարժություններ է անցկացնում երկրի միջազգային մակարդակով ճանաչված սահմաններում, եւ այստեղ խոսք անգամ չի կարող լինել միջազգային փաստաթղթերի պահանջների խախտման մասին»:

Ադրբեջանական նախարարության ներկայացուցիչների տրամաբանությամբ՝ իրենք կարող են ցանկացած զորավարժություն անցկացնել, «իր տարածքում», հավանաբար, նաեւ միջուկային փորձարկումներ, եւ դա չի կարող դիտարկվել որպես միջազգային փաստաթղթերի պահանջների խախտում:

«Դարձյալ հայտարարում ենք, որ Ադրբեջանն իր սահմանների շրջանակում զորավարժություններ անցկացնելու իրավունք ունի՝ ներգրավելով ցանկացած քանակության կենդանի ուժ եւ տարատեսակ ռազմական տեխնիկա: Հայկական կողմին հիշեցնում ենք, որը վկայակոչում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչը՝ հրադադարի համաշխարհային ռեժիմին հետեւելու մասին, որ պաշտոնական Երեւանը պետք է նախ կատարի ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի պահանջները Ադրբեջանի օկուպացված տարածքներից զորքերի դուրսբերման մասին»,- հայտարարել են ադրբեջանական նախարարությունից՝ աղավաղելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը թե՛ ձեւով, թե՛ բովանդակությամբ: