Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) եւ ՆԱՏՕ-ի միջեւ ռազմական հակամարտության անմիջական սպառնալիք չկա՝ չնայած միջազգային խոշոր հիմնախնդիրները լուծելու տարբեր մոտեցումներին, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«ՆԱՏՕ-ի հետ ռազմական կոնֆլիկտի անմիջական սպառնալիք չկա: Նույնիսկ տարաձայնությունների, միջազգային խոշոր հիմնախնդիրների եւ մարտահրավերների լուծման մոտեցումներում տարբերությունների առկայության դեպքում նման հակամարտության հիմքեր չկան,- ասել է Զասը:- Ավելին, մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի պետությունների հասարակությունները եւ քաղաքական էլիտան, ինչպես եւ մենք, գիտակցում են հակամարտության գլոբալ աղետալի բնույթը»:

Միեւնույն ժամանակ, ըստ Զասի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հասկանում է զարգացող ռազմաքաղաքական իրավիճակի բարդությունը, ինչպես՝ եվրոպական մայրցամաքում, այնպես էլ ամբողջ աշխարհում: «Ցանկացած իրավիճակ, որը կապված է դրա փոփոխության հետ, վերահսկվում եւ մանրակրկիտ վերլուծվում է: ՀԱՊԿ սահմաններին մոտ ՆԱՏՕ-ի ռազմական հզորության եւ ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, համատեղ զորավարժությունների ինտենսիվությունն ու մասշտաբը (տարեկան մինչեւ 40 խոշոր զորավարժություններ է անցկացվում) չեն կարող չանհանգստացնել»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

«Այս ամենն օբյեկտիվորեն ադեկավտ արձագանք է պահանջում ՀԱՊԿ-ից եւ հնարավոր ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մշտական ​​պատրաստակամություն: Այս առումով քաղաքական եւ դիվանագիտական ​​արձագանքման միջոցառումներ են մշակվում, ամրապնդվում է կազմակերպության ռազմական բաղադրիչը, շարունակվում են աշխատանքները ՀԱՊԿ զորքերի (Հավաքական ուժեր) մարտական ​​հնարավորությունների բարձրացման եւ դրանց կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ»,- ասել է նա:

Զասը հավելել է, որ այս բոլոր միջոցներն ուղղված են բացառապես ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը: