Ինձ թվում է, որ այս գումարման խորհրդարանի աչքի զարնվող հաջորդ գործերից մեկը միջխորհրդարանական կապերի զարգացումն է։ Այս մասին այսօր՝ մայիսի 15–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը՝ պատասխանելով հարցին, թե արտաքին կապերի համագործակցության շրջանակում եղե՞լ են երկրներ, որոնք մերժել են Արցախի խորհրդարանի հետ համագործակցությունը չճանաչված լինելու հանգամանքով պայմանավորված։

«Մենք 2014 թվականից մինչեւ հիմա 4 նոր բարեկամական խումբ եւ շրջանակ ենք ձեւավորել։ Ընդհանուր առմամբ ունենք 8 բերակամական խումբ եւ շրջանակ։ Սա ես համարում եմ շատ լավ հաջողություն եւ շատ լավ նախադրյալներ հետագայում միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու համար։ Ինչ վերաբերում է հարցի այն մասին, թե մերժումներ եղե՞լ են չճանաչված լինելու պատճառով՝ չեմ հիշում, որ այդպիսի բան մենք ունեցել ենք, բայց հիշում եմ, որ մենք ունեցել ենք նաեւ այլ փորձեր ուրիշ խորհրդարաններում, սովորաբար մենք այդ պրոցեսների մասին նախապատրաստական փուլում չենք խոսում, դրանցից մեկը վերջերս հաջողությամբ ավարտվել է՝ Կիպրոսի խորհրդարանում այդ խումբը ստեղծելը, այդ ուղղությամբ մենք աշխատել ենք 3 տարուց ավելի։ Այս պահին էլ ունենք որոշ ցրցամ տված գործեր, բայց չէի ուզենա դրանք հրապարակայնացնել, որովհետեւ սովորաբար ժամանակից շուտ դրանք հրապարակայնացումը միշտ բացասական հետեւանքներ է բերում, մեր հակառակորդները փորձում են խանգարել եւ խոչընդոտներ ստեղծել»,– ասաց Ղուլյանը։