Վենետիկի պաշտոնատար անձինք հույս են հայտնել, որ կորոնավիրուսային ճգնաժամը հնարավորություն կտա վերաիմաստավորել աշխարհի ամենափխրուն քաղաքներից մեկի ապագան, ստեղծել ավելի կայուն զբոսաշրջային ինդուստրիա եւ ավելի շատ մշտական բնակիչներ ներգրավել, հայտնում է AP-ը։

Երկար տարիներ իտալական քաղաքը բախվում էր համարյա էկզիստենցիալ ճգնաժամի, քանի որ նրա զբոսաշրջային ինդուստրիայի սրընթաց հաջողությունը սպառնում էր ոչնչացնել այն տեսարժան վայրերը, որոնք դարեր շարունակ գրավել են այցելուներին:

Կորոնավիրուսի համավարակը դադարեցրել է զբոսաշրջիկների հոսքը եւ ցնցել քաղաքային տնտեսությունը: Համավարակը, որ հետեւեց նոյեմբերին տեղի ունեցած մի շարք բացառիկ ջրհեղեղներին, որոնք տնտեսական առաջին հարվածն էին հասցրել, հանգեցրեց քաղաքը կանգնեցնելուն՝ կառավարության դանդաղ տրամադրվող օգնության ֆոնին:

Քաղաքը, որ ոգեշնչել է այնպիսի նկարիչների, ինչպիսիք են Կանալետոն եւ Թյորները, այժմ մաքուր կտավ է:

Քաղաքապետ Լուիջի Բրունյարոն, ելույթ ունենալով Սուրբ Մարկի արձանի դիմացի դատարկ հրապարակում, ասել է. «Սա մեզ թույլ է տալիս վերաիմաստավորել կյանքը պատմական կենտրոնում»:

Քաղաքի պատմական կենտրոնի բնակչությունը կրճատվել է մինչեւ 53 000-ի, ինչը մեկ երրորդով ավելի քիչ է, քան մեկ սերունդ առաջ:

Բնակեցմանը օգնելու համար Բրունյարոն սատարում է բնակարանային ֆոնդից հանված բնակարանները ուսանողներին վարձով տալու քաղաքային Կա՛Ֆոսկարի համալսարանի առաջարկությունը:

Նա նաեւ ուզում է ստեղծել կլիմայի փոփոխության ուսումնասիրման կենտրոն՝ հաշվի առնելով ջրհեղեղների հանդեպ քաղաքի խոցելիությունը, ինչը կարող է գրավել գիտնականների, որոնք կդառնան դրա բնակիչները: Նրա կարծիքով՝ սա կխթաներ մի տեսակ վերածնունդ, որը կբերեր այլ օտարերկրյա բնակիչների` արվեստագետների, ովքեր դարեր շարունակ եղել են Վենետիկի կենսական ուժը:

Բրունյարոն կցանկանար փոխել նաեւ, այսպես կոչված, զանգվածային զբոսաշրջության մասշտաբը, որից կախված է տնտեսությունը:

Վենետիկի ապագայի վերաբերյալ տեսլականները ներառում են հարկերի արտոնություններ առաջարկելու կոչեր, որպեսզի ավանդական արտադրությունը պատմական կենտրոն վերադարձվի: Քաղաքացիական խմբերը առաջարկել են վենետիկցիների ավանդական կենսակերպը վերականգնելու խթաններ, օրինակ՝ նավակները, որոնք դարեր շարունակ օգտագործել են բնակիչները, որոնք, սակայն, պայքարում են, որպեսզի մրցակցեն շարժիչային նավակների հետ:

Հույս կա, որ զանազան հուշանվերների խանութները, որոնք անհետացել են կարանտինի ընթացքում, կփոխարինվեն ավելի կայուն ձեռնարկություններով:

Չնայած համավարակը թույլ է տվել տեսնել ավելի մաքուր եւ դանդաղ Վենետիկը, արդեն կան նախանշաններ, որ դժվար կլինի այն պահպանել, էլ չենք խոսում մեծածավալ ծրագրերի իրագործման մասին: