Կորոնավիրուսի համավարակը մի քանի ոլորտների ծանր հարված է հասցրել: Առավել ծանր հետեւանքներ է կրում զբոսաշրջության ոլորտը: Yell Extreme Park-ի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանի հետ NEWS.am-ը զրուցել է արկածային տուրիզմի վրա կորոնավիրուսի ազդեցության եւ իրավիճակից դուրս գալու հեռանկարների շուրջ:

Տուրիզմի ոլորտն ինչպիսի՞ կորուստներ է կրում, եւ արդյոք կա՞ն կանխատեսումներ, թե իրավիճակն ինչպես է զարգանալու:

Մինչեւ 2020 թվականը բոլորս համոզված կարող էինք պնդել, որ տուրիզմի տեմպերը, հատկապես արկածային տուրիզմի, վերջին տարիներին կտրուկ աճել են: Սա, իհարկե, արտացոլվել է նաեւ Yell Extreme Park-ի վիճակագրական տվյալների վրա: 2019 թվականին ունեցել ենք ավելի քան 18 հազար այցելու, որոնք օրվա ընթացքում օգտվել են միջինը 3 ծառայությունից:

Այս տվյալների վրա հիմնվելով՝ մենք մեր ամբողջ մարքեթինգաին ռազմավարությունն ուղղեցինք միջազգային շուկա՝ տուրիզմի զարգացմանը նպաստելով ոչ միայն Yell Extreme Park-ում, այլեւ Հայաստանում: Նախատեսվում էր, որ 2020 թվականին կունենանք 27 հազար այցելու:

Այս պահին բավականին դժվար է կանխատեսումներ կատարել, քանի որ ամեն օր թվերը փոխվում են: Բայց իմ կարծիքով՝ տուրիզմի ոլորտը լավագույն դեպքում կվերականգնվի 2021 թվականի երկրորդ կեսից ոչ շուտ:

Առաջատար միջազգային կազմակերպությունների կանխատեսումներով՝ 2020 թվականին գրանցվելու է տուրիզմի 34,7 տոկոսով անկում: 2019 թվականին տուրիզմից համաշխարհային եկամուտները կազմել են 685 մլրդ դոլար: 2020 թվականին կանխատեսվում էր, որ կհասնի 711 մլրդ դոլարի:

Մինչդեռ, թարմացված կանխատեսումներով՝ վերջին թիվը լավագույն դեպքում կկազմի 447 մլրդ դոլար: Ներկայումս այս թիվը կախված է մի շարք հանգամանքներից, մասնավորապես՝ համավարակի տեւողությունից, բիզնեսի սահմանափակումներից, պետական աջակցությունից եւ համագործակցությունից:

Yell Extreme Park-ը կոնկրետ ի՞նչ կորուստներ է կրել, եւ այդ կորուստներն ինչպե՞ս են անդրադարձել աշխատակիցների վրա:

Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ կորուստներն աշխատակիցների վրա հնարավորինս քիչ անդրադառնան:

Պարկը փակվել էր մոտ 2 ամսով, բայց մարտի աշխատավարձերն ամբողջությամբ վճարել ենք:

Նշեմ նաեւ, որ Yell Extreme Park-ի իրավաբանական եւ հաշվապահական թիմը գրեթե ամբողջությամբ ներգրավված է անձնական հարցերով աշխատակիցներին խորհրդատվություն տրամադրելու գործում: Օգնում ենք դիմել ծրագրերին, բանկերի եւ վարկային կազմակերպությունների հետ բանակցություններ վարել: Ի դեպ, աշխատակիցների մի մասն այլ աշխատանքի է անցել մեզ պատկանող շինարարական կազմակերպությունում:

Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել ճգնաժամը: Մշակված ռազմավարություն արդյոք կա՞:

Մարտի սկզբից մենք սկսել ենք մեծ թափով աշխատել ռազմավարության մշակման վրա: Մենք վստահ ենք, որ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում անհրաժեշտ է լինել ճկուն եւ ցանկացած փոփոխության պատրաստ: Մենք բազմիցս ենք գործել այս տրամաբանությամբ:

Փորձում ենք 2020 թվականն օգտագործել մեր օգտին: Մասնավորապես՝ պարկը համալրել նոր ատրակցիոններով եւ ավարտել անավարտ նախագծերը:

Ներկայումս 9 ծառայություն ունենք. թռիչքներ զիփլայնով, ձիով շրջագայություններ, փեյնթբոլ, փորձությունների պարկ, ժայռամագլցում, օֆ-ռոուդ շրջագայություններ, զորբինգ, վիա ֆերատա եւ թռիչքներ պարապլանով:

Մենք նախատեսում ենք, որ առաջիկա երկու տարվա ընթացքում ատրակցիոնների քանակը կհասնի 20-ի, եւ մեկ օրվա ընթացքում կկարողանանք 1500 մարդու սպասարկել: Նոր ատրակցիոնների թվում է ամենաերկար զիփլայնը, որի նախագիծը գրեթե պատրաստ է, չնայած մի շարք ճարտարապետական խնդիրներին, որոնք, բարեբախտաբար, մեզ հաջողվեց լուծել:

Ամենաերկար զիփլայնից բացի, նախատեսվում է նաեւ իր տեսակի մեջ նոր, եզակի նախագծերի իրականացում, որոնք մեծ պահանջարկ կստեղծեն տարածաշրջանում:

Դրանցից մեկը Roller Coaster զիփլայնն է, որի նախագիծը նույնպես ավարտին է հասցվում:

Ի դեպ, մենք նախատեսել էինք արդեն հիմա ավարտին հասցնել երկու զիփլայնների կառուցումը, բայց, ցավոք, վիրուսի պատճառով ժամկետները հետաձգվեցին:

Ունե՞ք արդյոք նոր ներդրումային ծրագրեր:

Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում ներդրողների հետ: Թե Yell Extreme Park-ի, թե Apaga Resort-ի համար մենք ունենք պատրաստի բիզնես պլան եւ հստակ սահմանված ռազմավարություն, որի նպատակը 2025 թվականին տարածաշրջանում արկածային զբոսաշրջության կենտրոն դառնալն է՝ Ենոքավանում տարեկան 250 հազար զբոսաշրջիկի ընդունելով: Հունիսից Apaga Resort-ի համարների թիվը 23-ից 47 կդառնա:

Նշեմ նաեւ, որ այս առումով մենք սկսել ենք կրթական ծրագրերի իրականացումը: Մենք արդեն ավարտեցինք անգլերենի եւ հաճախորդների սպասարկման դասընթացներն այն երիտասարդ աշխատակիցների համար, ովքեր ապրում են Ենոքավանում եւ շրջակա համայնքներում: Նախատեսում ենք, որ նոր ատրակցիոնների կառուցման հետ միասին կընդլայնենք նաեւ դասընթացների մասնակիցների շրջանակը, իսկ Տավուշի մարզում կունենանք պատրաստի կադրեր, որոնք ձեռք բերված գիտելիքների հիման վրա հետագայում կկարողանան հեշտությամբ միջինից բարձր աշխատավարձով աշխատանք գտնել:

Ինչպե՞ս է իրականացվում ատրակցիոնների սպասարկումը եւ արդյո՞ք ապահովվում են անվտանգության կանոնները:

Անվտանգության կանոնների ապահովումը մեր գերակայությունն է. մենք երբեք ֆինանսական միջոցներ չենք խնայել անվտանգության կանոնների պահպանման համար: Yell Extreme Park-ը ACCT եւ IAAPA միջազգային կազմակերպությունների անդամ է, որոնցից մենք յուրաքանչյուր տարի անվտանգության նոր ուղեցույցներ ենք ստանում:

Մեր ուղեկցորդները վերապատրաստվել են Արտակարգ իրավիճակների նախարարությունում եւ ՀՀ լեռնագնացության ֆեդերացիայում: Տեղում նաեւ տեխնիկական պատասխանատու կա, ով ստուգում է բոլոր տեսարժան վայրերը մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը: Բացի այդ, մենք օգտագործում ենք հայտնի ֆրանսիական PETZL ընկերության սարքավորումները, որոնք աշխարհում լավագույններից մեկն են համարվում:

Մենք խստորեն հետեւում ենք հիգիենայի կանոններին. բոլոր հաճախորդներին տրամադրվում են մեկանգամյա օգտագործման գլխարկներ, որոնք հագնում են սաղավարտների տակից, ձեռնոցներ, որոնք նրանք կարող են վերցնել իրենց հետ: Ի դեպ, մեր հաճախորդներից յուրաքանչյուրն ունի անվճար ապահովագրություն «Ռոսգոսստրախ»-ից:

Վերջում նշեմ, որ վերջերս փոխվել է մեր գնային քաղաքականությունը. այցելուները վճարում են տոմսի համար եւ մեկ օրվա ընթացքում անսահմանափակման օգտվում են բոլոր ծառայություններից: