Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի կարծում է, որ արդեն իմաստ չունի խոսել Հայաստանում կորոնավիրուսի տարածման պիկի մասին, այլ պետք է կենտրոնանալ վարակման դեպքերը նվազեցնելու գործողությունների ուղղությամբ:

«Պիկի վրա շատ  կենտրոնանալն էլ իմաստ չունի,  քանի որ դա առանձնապես բան չի տա, կարեւորը քայլեր  ձեռնարկեն, որ դեպքերը շատ չշատանան, դա ավելի կարեւոր է, քան ենթադրություններ անել, թե սա արդեն պիկն է, թե առջեւում է: Մի ամիս առաջ մենք ուրիշ պիկ ունեինք, հիմա՝ ուրիշ պիկ, դա ընդամենը թիվ է, որը շատ երկրորդական է հատկապես նման իրավիճակում, շատ ավելի կարեւոր է՝ երկրի բացումը այնպես կազմակերպվի, որ առջեւում էլ ավելի մեծ թվեր չլինեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե ինչու են մեր երկրում կորոնավիրուսով վարակվածների թվերը ավելանում, երբ աշխարհում թվերի նվազման միտում է նկատվում, վիրուսաբանն ասաց, որ դա կապված է կարանտինի ոչ նորմալ կազմակերպման եւ պահպանման հետ: 

«Եթե դուք կարանտին եք հայտարարում եւ կազմակերպում, բայց երկու ամիս հետո ավելի եւ ավելի շատ դեպքեր ունենք, նշանակում է կարանտինը նորմալ չի կազմակերպվել»,- հավելեց նա:

Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, որ որոշակի թվի հասնելուց  հետո որեւէ սիմպտոմ չունեցող վարակվածները տանը կբուժվեն, Զաքարյանը ասաց, որ դա ամենաանցանկալի սցենարն ,է եւ հուսով է, որ դրան չենք հասնի:

Հովակիմ Զաքարյանը նաեւ հույս հայտնեց, որ հասարակական տրանսպորտի եւ մոլերի բացվելը, մանկապարտեզների աշխատելը չի բերի ավելի աղետալի պատկերի:

«Որքանով ենք մենք պատրաստ այդ վիճակին, վստահ չեմ, որ պատրաստ ենք, որովհետեւ, ըստ էության, 2 ամսվա կարանտինը ցույց տվեց, որ շատ ավելի պարզ քայլերը մենք չկարողացանք լիարժեք ապահովել, և կարանտինը կազմակերպողները, եւ նաեւ հասարակությունը, հետեւաբար մեծ է հավանականությունը, որ վաղը, մյուս օրը շատ ավելի վատ վիճակ կարող է լինել»,- հավելեց նա:

Վիրուսաբանի կարծիքով եւս մեկ ամսով կարանտին պահելու կարիք չկար, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց, նախորդ 2 ամսվա կարանտինը որեւէ օգուտ չտվեց: