ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, NEWS.am-ին հայտնեցին ԱԱԾ-ի լրատվության ծառայությունից։

Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն ազատվել է աշխատանքից:

«Աղաջանյանն ազատվել է սեփական դիմումի համաձայն՝ մայիսի 13-ից»,- հայտնել էին ԱԱԾ-ից։

Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Արթուր Պողոսյանը հանդիսանում է ԱԱԾ տնօրենի տեղակալ Արգիշտի Քյարամյանի ընկերը։

Դեռեւս մայիսի 7-ին NEWS.am-ը վկայակոչելով իր աղբյուրները՝ հայտնել էր, որ Արթուր Աղաջանյանն ազատման դիմում է գրել այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՊՎԾ ղեկավարի արտականությունները կատարող Արգիշտի Քյարամյանն ազատվել է պաշտոնից, նշանակվել ՔԿ-ի նախագահի տեղակալի պաշտոնին եւ մեկ օր անց նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ։         

Նշել էինք նաեւ, որ Քյարամյանի նշանակման կապակցությամբ ԱԱԾ-ում բունտ է հասունանում եւ այլ պաշտոնյաներ նույնպես ազատման դիմումներ գրել։ Նույն օրը ԱԱԾ-ն պաշտոնապես հերքել էր այս տեղեկությունը եւ վստահեցրել, որ որեւէ մեկն ազատման դիմում չի ներկայացել։