Ռիսկ մենեջերները երկարատեւ գլոբալ հետընթաց են ակնկալում կորոնավիրուսի համավարակի արդյունքում, նշվում է Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցում, փոխանցում է Reuters-ը:

Հարցման 347 մասնակիցների երկու երրորդը առաջիկա 18 ամսվա ընթացքում մտահոգությունների շարքում առաջին տեղում նշել են համաշխարհային տնտեսության երկարատեւ կրճատումը:

Հարցվածների կեսը ոլորտների սնանկացում եւ համախմբում, արդյունաբերության վերականգնման անկարողություն եւ գործազրկություն բարձր մակարդակ են ակնկալել, հատկապես՝ երիտասարդների շրջանում:

«Այս ճգնաժամն ավերիչ ազդեցություն է ունեցել մարդկանց կյանքի եւ նրանց կենսամակարդակի վրա: Այն տնտեսական ճգնաժամի է հանգեցրել՝ հեռու գնացող հետեւանքներով եւ ի հայտ է բերել անցյալի թերությունները»,- ասել է  Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր տնօրեն Սաադիա Զահիդին:

Զեկույցում նշվում է, որ համավարակի հետեւանքով բնապահպանական նպատակներից հրաժարվելու վտանգ կա, բայց կառավարությունները պետք է փորձեն «կանաչ վերականգնման» հասնել: «Այժմ ունենք եզակի հնարավորություն ունենք այս ճգնաժամն ամեն ինչ այլ կերպ անելու համար օգտագործելու եւ ավելի լավ տնտեսություն կառուցելու համար, որն ավելի կայուն, ուժեղ եւ ներառական կլինի»,- ասել է Զահիդին:

Զեկույցը կազմվել է Գլոբալ ռիսկերի խորհրդատվական խորհրդի կողմից՝ Marsh & McLennan Companies Inc-ի եւ Zurich Insurance Group-ի հետ համատեղ: