Հայաստանը պետք է ապահովի ՏՏ ոլորտի ընկերությունների ապակենտրոնացումը: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առաջավոր տեխնոլոգիաների ընկերությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Վարդանյանը կոչ արեց չմոռանալ այն մասին, որ Երեւանը տեղակայված է Թուրքիայի սահմանից վտանգավոր մերձավորությամբ:

Նա այնուհետեւ շարունակեց՝ ասելով, թե սա նշանակում է, որ անգամ լուրջ սպառազինություն չօգտագործելով՝ Թուրքիան կարող է հարված հասցնել երկրի մայրաքաղաքին: Սրա հետ կապված անչափ կարեւոր է, որ ՏՏ ոլորտի ընկերությունները եւ ռազմաարդյունաբերական համալիրը տեղակայվեն Երեւանի սահմաններից դուրս, հայտարարեց Վարդանյանը: «Այս ընկերությունների ապակենտրոնացումը պետք է դառնա մեր առաջնահերթ խնդիրը»,- հայտարարեց նա: Վարդանյանը նշեց, որ Գյումրիի եւ Վանաձորի հաջող փորձը պետք է տարածվի նաեւ մյուս քաղաքների վրա: Հաջորդ քայլը պետք է լինեն շուրջ 10 հազար բնակչությամբ ոչ մեծ քաղաքները: Նա նշեց, որ Գորիսն այս առումով արդեն գերազանց արդյունքներ է ցուցադրում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը համաձայնեց Վարդանյանի հետ:

Նա նշեց, որ մարզերում մեծ հնարավորություններ կան, քանի որ մասնագետների մի մասը մայրաքաղաք է գալիս հենց մարզերից: Նա նշեց մարզերում պոլիտեխնիկական կրթության մակարդակի բարձրացման, ինչպես նաեւ մարզային ընկերություններին լուրջ հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությունը: Այս երկու տարրեը կնպաստեն ապակենտրոնացմանը եւ մարզերի զարգացմանը, հայտարարեց նա՝ հավելելով, որ Գյումրիի եւ Վանաձորի փորձը ցույց է տվել այս մեթոդների արդյունավետությունը: