Արցախի Շուշի քաղաքի մշակույթի և երիտասարդության կենտրոնում ընթանում է Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստը:

Նախ Ազգային ժողովի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարեց, որ ԱԺ հատուկ նիստին մասնակցում են խորհրդարանի 33 պատգամավորները: Նա թվարկեց հյուրերի կազմը, որից հետո հանդիսավոր կերպով ներս բերվեց Արցախի դրոշը, ապա նաեւ Սահմանադրությունն ու 17-րդ դարի ավետարանը:

Դրանից հետո Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը բեմ բարձրացավ եւ հանդիսավոր երդվեց.

«Ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը երդվում եմ, անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները, հարգել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու ա անվտանգությունը ի փառս Արցախի Հանրապետության եւ ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Նրա խոսքից հետո հնչեց Արցախի օրգհներգը: