«Եվրոպայի ազատականների եւ ժողովրդավարների դաշինք» կուսակցության (ALDE) խմբում, որի անդամ է «Լուսավոր Հայաստանը», հետաքրքրվել են Ազգային Ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հանգամանքներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ ALDE-ին իրենց վրա հարձակումը խեղաթյուրված եւ սխալ է ներկայացվել:

«Հետեւից խփող իշխանությունից պետք էլ չէր ակնկալել, որ օբյեկտիվ իրականությունը կներկայացնեն: ALDE-ի խմբում հարցը քննարկվել է, լսել են իմ մոտեցումները: Երբ հարցեր տվեցին, ես հասկացա, որ մեր վրա հարձակումը խեղաթյուրված եւ սխալ է ներկայացվել»,– ասաց նա:

Մարուքյանի խոսքով` այն, որ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կադրերը ամբողջ աշխարհը տեսել է եւ, որ դա ազդելու է Հայաստանի վրա, միանշանակ է: Անդրադառնալով միջազգային կառույցների արձագանքներին, Մարուքյանն ասաց, որ ծեծկռտուքի վերաբերյալ տեղեկացված կառույցները բացատրություններ են ուզելու:

«Մենք իրականությունը ներկայացրել ենք: Կարծում եմ` հաջորդ այցի ժամանակ անհարմար հարցեր կլինեն: Միջազգային հարթակներում արձանագրվել է, որ ժողովրդավարությունից խոսող իշխանությունը ուղղակի հետեւից խփողների իշխանություն է: Ասվածն այլեւս արձանագրված փաստ է: Հնարավորություն կար դատապարտելու այդ ամենը, երաշխիքներ տալու, որ այլեւս չի կրկնվելու, բայց ոչ միայն չդատապարտեցին եւ երաշխիքներ չտվեցին, այլ նաեւ պնդում են, որ իրենք ճիշտ են արել»,-ասաց «Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավարը` շեշտելով` ընդդիմադիր խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ձեւակերպվել է որպես սադրանք, իսկ սադրանքը` լեգիտիմ բռնության պատճառ:

«Ըստ մեր իշխանություններ՝ի այս պարագայում բռնություններ կիրառելը, այդ թվում` հետեւից հարվածելը ամբողջությամբ լեգիտիմ են»,-ասաց նա:  Մարուքյանը չմոռացավ իր զորակցությունը հայտնել «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանին: Ըստ մամուլի` Իգիթյանին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից փոխանցել են՝ եթե ALDE-ն միջադեպի վերաբերյալ հանդես եկավ առանձին հայտարարությամբ, ապա ինքը զրկվելու է ԵԽԽՎ պատվիրակության անդամությունից։ «Այսօր իմացա, որ Հովհաննես Իգիթյանը կարող է խնդիրներ ունենալ զուտ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ից որեւէ հայտարարություն կլինի: Օգտվելով առիթից ուզում եմ իմ զորակցությունը հայտնել պարոն Իգիթյանին: Չէի ուզենա, որ նման փորձառու պատվիրակին հանեին խմբից: Ասպիսի փորձ մի անգամ էլ է եղել Ռուսաստանի քվեարկության ժամանակ: Հույս ունեմ՝ նրա հետ կապված ամեն ինչ կհարթվի»,- ասաց Մարուքյանը: