IBM կորպորացիան որոշում է ընդունել մի շարք աշխատակիցների ազատելու մասին՝ նկատի ունենալով նոր տեսակի կորոնավիրուսի առաջացրած հիվանդության համավարակի ֆոնին եկամուտների նվազումը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը:

«Չնայած որոշումներ ընդունելիս կորպորացիան մշտապես հաշվի է առնում երկրում եւ աշխարհում ընթացիկ վիճակը, IBM-ն աշխատակիցների կրճատմանը դիմել է՝ ելնելով մեր բիզնեսի երկարաժամկետ հեռանկարներից»,- ասել է ընկերության ներկայացուցիչ Էդա Բարբինին: «Ընդունելով, որ այս որոշումը որոշ աշխատակիցների համար կարող է ծանր հետեւանքներ ունենալ, IBM-ն ազատված բոլոր աշխատակիցներին առաջարկում է սուբսիդավորված բժշկական ապահովագրություն մինչեւ 2021 թվականի հունիսը»,- նշված է հայտարարության մեջ:

Տեքստում չի նշվում կրճատված աշխատակիցների ստույգ թիվը, բայց, գործակալության տեղեկություններով, խոսքը հազարավորների մասին է: Գործակալությունն ընդգծել է, որ ազատումները կտարածվեն հիմնականում Հյուսիսային Ամերիկայում, այդ թվում՝ Հյուսիսային Կարոլինա, Փենսիլվանիա, Կալիֆոռնիա, Միսուրի եւ Նյու Յորք նահանգներում գտնվող ձեռնարկությունների աշխատակիցների վրա:

Ավելի վաղ իրենց աշխատակիցների շուրջ քառորդ մասի կրճատումների մասին էին հայտարարել ամերիկյան այլ խոշոր տեխնոլոգիական ընկերություններ՝ Uber-ը եւ Airbnb-ը: