Harley-Davidson-ի գործարաններն ԱՄՆ-ում աշխատանքը կվերսկսեն երկամսյա հարկադիր պարապուրդից հետո, որի պատճառը Վիսկոնսին նահանգի Մենոմոնի Ֆոլս տեղանքում գտնվող ձեռնարկության աշխատակիցներից մեկի կորոնավիրուսային ինֆեկցիայով վարակվելն էր:

Associated Press գործակալության տեղեկություններով՝ կորպորացիայի վաճառքի ծավալները համավարակի ժամանակ նվազել են: Մենոմոնի Ֆոլսի ձեռնարկությունը լիակատար զբաղվածության կվերադառնա հաջորդ շաբաթ Հիշատակման օրվանից հետո (պատերազմներում եւ զինված հակամարտություններում զոհված ԱՄՆ բոլոր զինծառայողների հիշատակի օր, որը նշվում է մայիսի վերջին երկուշաբթի: Այս անգամ այն համընկել է մայիսի 25-ին):

Կորոնավիրուսը, բնականաբար, իր շտկումներն է կատարում արտադրության կազմակերպման մեջ: Գործարանների ղեկավարությունը պայմաններ է ապահովում աշխատակիցների սոցիալական հեռավորության համար եւ պարբերաբար ախտահանում են աշխատատեղերը: «Harley-Davidson-ը սկսել է իր ձեռնարկություններում արտադրության փուլային վերականգնումը՝ հաշվի առնելով առողջապահության ծառայությունների հրահանգները, ապահովելով աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ:

Harley-Davidson-ը մոտոցիկլետների արտադրության խոշորագույն ամերիկյան ֆիրմա է: Ընկերությունը բազմիցս կատարել է ԱՄՆ կառավարության պատվերները, այդ թվում՝ Առաջին եւ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ: 2000-ական թվականների սկզբին Harley-Davidson-ը սկսել է հաջողությամբ մեծացնել արտադրության ծավալները՝ 2018 թվականին հասցնելով մինչեւ 246 հազարի: Բացի տրանսպորտային միջոցներից, Harley-Davidson-ը մակնիշի երկրպագուների համար թողարկում է ատրիբուտիկա, ներառյալ հագուստ, կոշիկ եւ կենցաղի իրեր: