Երեւանցի 91-ամյա Սրբուհի տատիկը հաղթահարել է կորոնավիրուսը եւ առողջացել դրա հետեւանքով առաջացած երկկողմանի թոքաբորբից։ Նա 20 օրվա բուժումից հետո մայիսի 20-ին դուրս է գրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից եւ գնացել տուն՝ իր 91-ամյակը ընտանիքի հետ նշելու։

«Տատիկի 91-ամյակը հիվադանոցում էր լրացել, միայն կարողացել էինք հեռախոսով շնորհավորել, հիմա այսօր նոր ուշացած նշում ենք։ Շատ էինք անհանգստանում, քանի որ երկկողմանի թոքաբորբ ուներ, թոքերի մակերեսի 70 տոկոսը ախտահարված էր, բայց ինքը շատ ուժեղ գտնվեց, իր տեսակով շատ ուժեղ կին է, շատ դժվարություններ հաղթահարած կին է, կորոնավիրուսը չէր, որ պետք է նրան բաժաներ մեզնից»,- ասում է նրա թոռը՝ Ռաֆայելը։

Հարազատներին հայտնի չէ, թե որտեղից կարող էր տատիկը վարակվել, քանի որ շփման շրջանակը չի անցել ընտանիքի անդամներից ու մի քանի հարեւաններից։ Մոտը հազ, թուլություն են նկատել, դիմել բուժօգնության եւ պարզվել է, որ կորոնավիրուս ունի։ Հիվանդության ընթացքը թեթեւ է անցել՝ չնայած երկկողմանի թոքաբորբին։ Ջերմել է կարճ ժամանակ, բուժման ամբողջ ընթացքն անցկացրել է հիվանդասենյակում։

Թոռը կատակում է, թե տատիկն այնքան առողջ է, որ երիտասարդ տարիքում ծննդաբերությունից հետո առաջին անգամ էր հիվանդանոց գնացել։ Հարազատներից որոշ ժամանակ է պահանջվել տատիկին համոզելու համար, որ ինքն իսկապես վատառողջ է։ 20 օր անց աշխարհն ահաբեկած վիրուսը հաղթահարելուց հետո Սրբուհի տատիկը վարակվածներին առաջարկում է փորձել իր պատվաստանյութը․  «Մաքուր սիրտ է պետք ունենալ, ինչքան որ կարաք՝ սիրտը մաքուր պահեք ու առողջ կլինեք»։