Մի քանի տասնյակ կատուների արյան եւ խորխի նմուշներն ուսումնասիրելով, որոնց տերերը վարակվել էին նոր տեսակի կորոնավիրուսով, իսպանացի բժիշկներն առաջին անգամ հայտնաբերել են, որ այս կենդանիների մոտ եւս COVID-19-ը կարող է ընթանալ առանց ախտանիշների: Գիտնականները հետազոտության նախնական արդյունքները հրապարակել են bioRxiv էլեկտրոնային գիտական գրադարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականները նշում են, որ կատուները ոչ միայն բավական հաճախ են վարակվում կորոնավիրուսով, ինչպես մարդիկ, այլ ավելին՝ նրանց մոտ, ինչպես մարդկանց շրջանում, կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ընթանալ առանց տեսանելի նշանների: Այսինքն՝ կատուները կարող են աննկատ այն տարածել, բայց միայն մյուս կատուների շրջանում, քանի որ անչափ փոքր է հավանականությունը, որ այս կենդանիները կարող են մարդուն վարակել:

COVID-19 հիվանդության հարուցիչ SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող է թափանցել ոչ միայն մարդու, այլեւ շատ այլ կաթնասունների օրգանիզմ: Կենսաբանների փորձերը եւ անասնաբույժների դիտարկումները ցույց են տալիս, որ այդպիսի կենդանիների թվում են ռեզուս-մակակները, կզաքիսները, ջրաքիսները եւ կատուները: Որոշ կենդանիների վրա ինֆեկցիան գրեթե նույնքան ուժեղ է ազդում, ինչպես մարդու վրա:

Գիտնականները դեռեւս ոչ մի անգամ չեն գրանցել, որ կենդանիները կարող են կորոնավիրուսը փոխանցել մարդուն, գրանցված բոլոր դեպքերը վկայում են փոխանցման հակառակ ճանապարհի մասին: Սակայն կենսաբանները նման հնարավորությունը դեռեւս չեն կարող բացառել: Սա գիտնականներին ստիպում է մտածել այն մասին, թե դա ինչպիսի պայմաններում եւ ինչպես կարող է տեղի ունենալ:

Իսպանացի բժիշկներն ու կենսաբանները՝ Սան Պեդրոյի հոսպիտալի (Իսպանիա) համաճարակաբան Խոսե Օտեոյի ղեկավարությամբ հայտնաբերել են վիրուսի տարածման պոտենցիալ նոր ճանապարհ: Նրանք իրենց հետազոտության մեջ փորձել են որոշել, թե տնային կենդանիներն իրենց տերերից որքան հաճախ են վարակվում նոր տեսակի կորոնավիրուսով:

Այս նպատակով գիտնականները պայմանավորվել են 17 ընտանիքների հետ, որոնց անդամները ապրիլին կամ մայիսի սկզբին COVID-19-ը հաղթահարել են: Հետազոտողները վերցրել են 23 կատվի, շան, ճագարի եւ ծովախոզուկի արյան եւ խորխի նմուշներ, որոնք ապրել են վարակված տերերի հետ միասին:

Պարզվել է, որ բացի կատուներից, վիրուս չի եղել մնացյալ բոլոր կենդանիների օրգանիզմում: Գիտնականները SARS-CoV-2-ի ակտիվ բազմացման հետքեր են գտել մեկ առանձնյակի՝ 8-ամյա կատվի օրգանիզմում, որը մի քանի քրոնիկական հիվանդություններ ուներ: Չնայած նրա օրգանիզմում վիրուսային մասնիկների մեծ քանակությանը, կատվի մոտ ինֆեկցիան ընթանում էր առանց նկատելի ախտանիշների: Ընդ որում՝ կատուն հիվանդությունը նորմալ է հաղթահարել եւ չի սատկել:

Այս հետազոտությանը ընդհանուր մասնակցել է միայն 8 կատու, ինչը վկայում է այն մասին, որ հիվանդ տերերի հետ ապրող ձեռնասունների շրջանում կորոնավիրուսը կարող է հանդիպել բավականին հաճախ (12,5 տոկոս): Սակայն, ինչպես խոստովանում են գիտնականները, հետազոտված կենդանիներն ամեն դեպքում անբավարար էին միանշանակ հետեւություններ կատարելու համար: Այդուհանդերձ, նրանց արդյունքները համընկնում են այն արդյունքներին, թե Ուհանում ինֆեկցիան որքան հաճախ է զարգացել կատուների շրջանում:

Նրանց խոսքով՝ զգալիորեն ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում այն, որ կատուները կարող են COVID-19-ով հիվանդ լինել առանց նկատելի ախտանիշների: Օտեոյի եւ նրա գործընկերների կարծիքով՝ սա զգալիորեն մեծացնում է այն հավանականությունը, որ նրանք կարող են տարածել ինֆեկցիան եւ մարդուն SARS-CoV-2-ի ադապտացիայի ժամանակ լինել միջանկյալ տերերից մեկը: Սա այդպես է, թե ոչ՝ ցույց կտան հետագա փորձերը, ամփոփում են հոդվածի հեղինակները: