Մայիսի 19-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության եւ ենթակա ստորաբաժանումների ծառայողները իրականացրին միջոցառում՝ բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու նպատակով։ Միջոցառման շրջանակներում Նոյեմբերյանի ոստիկանները ստուգայց են կատարել բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման արտադրամասեր։

Արտադրամասերում հայտնաբերվել են տարբեր չափերի ու տարբեր ծառատեսակներից պատրաստված կողահատ եւ անկողահատ տախտակներ՝ ընդհանուր 120 խորանարդ մետրից ավելի։ Բացի այդ, արտադրամասերում հայտնաբերվել են ընդհանուր 20 խորանարդ մետրից ավելի փայտանյութ եւ այլն։ Հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացվել, ուստի արտադրամասերի գործունեությունը կասեցվել է։

Միջոցառման շրջանակներում Իջեւանի ոստիկանները Իջեւանի Երեւանյան փողոցում հայտնաբերել են խոշոր բեռնատար, որը բարձված էր 12 խորանարդ մետր տախտակով։ Տավուշի Կողբ գյուղում բնակվող 38-ամյա վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։

Բեռնատարը տեղափոխվել է բաժնի պահպանվող տարածք։ Իջեւանի ոստիկանները ստուգայց են կատարել նաեւ Գանձաքար գյուղում բնակվող 36-ամյա մի տղամարդու փայտամշակման արտադրամաս։ Արտադրամասի հարեւանությամբ հայտնաբերել են 25 խորանարդ մետր վառելափայտ, որի ձեռք բերման օրինականությունը ստուգվում է։

Միջոցառման ընթացքում Իջեւանի ոստիկանները հայտնաբերել են նաեւ առանց համարանիշերի բեռնատար, որը բարձված էր 15 գերանով։

Տավուշի ոստիկաններն էլ ստուգայց են կատարել իրենց բաժնի սպասարկման տարածքի փայտամշակման եւ փայտածուխի արտադրամասեր։ Փայտամշակման արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետր տախտակ։ Փայտանյութ հայտնաբերվեց նաեւ փայտածուխի արտադրամասում։ Հայտնաբերվածի վերաբերյալ փաստաթղթեր չեն ներկայացվել։ Դեպքերի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։

Բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու ուղղությամբ Տավուշի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները շարունակական են։