Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ. Հայաստանը սարքել են լաբորատորիա, փորձարկումներ է, որ անում են: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

Պավլիկ Մանուկյանը վստահություն է հայտնել, որ այսօրվա իշխանությունները մեր բանակի կենացը չեն խմում եւ պիղծ օրենքեր են անցկացնում համաճարակի անվան տակ:

«Այս վիրուսները կանցնեն, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին», գրել է Պ.Մանուկյանը եւ ավելացրել, որ առաջիկայում դիմելու է իր մարտական ընկերներին, քանի որ «այսպես շարունակել անհնար է»:

«Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ դիմակահանդեսին են համատարած մասնակցում, չե՞ք տեսնում` ձեզ ուղղակի ծաղրում են, իրենց խնջույքները չե՞ք տեսնում, այնտեղ սոցիալական ապահովության սահմաններ չե՞ն պահանջում»,- հարցրել է նա:

Պավլիկ Մանուկյանի խոսքով՝ իրավիճակն օրհասական է․

«Չե՞ք տեսնում, որ սա օրհասական է, սա ֆաշիզմ է հայ ժողովրդի դեմ: Սարքել են լաբորատորիա Հայաստանը, փորձարկումներ է, որ անում են: Դուք չե՞ք տեսնում, որ իշխանությունը նետած է գետնին, ոչ թե գետնին, այլ կեղտի մեջ։ Հայաստանում իշխանաթաղում է գնում և մեծ շքերթով, դուք չե՞ք տեսնում, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանց ոխերիմ թշնամին են: Առավոտն էլ ճիշտ հակառակն է ասում, արդեն մոռանում է, թե ինչ է ասել»,- նշել է նա: