Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Բելգիան, Ֆինլանդիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Չեխիան եւ Շվեդիան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ այն մասին, որ ափսոսում են Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման կապակցությամբ, հայտնում է DW-ն: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը մայիսի 21-ին շատերի համար անսպասելի միջազգային գործընկերներին հայտնել էր Բաց երկնքի պայմանագրից դուրս գալու մասին, ինչը ավելի քան 30 անդամ երկրներին թույլ է տալիս թռիչքներ իրականացնել միմյանց տարածքներում՝ վստահության ամրապնդման եւ հակամարտությունների կանխման նպատակով:

Ամերիկյան կողմի տեղեկացմամբ՝ այս քայլի պատճառը Ռուսաստանի կողմից Պայմանագրի պարբերական խախտումներն են, որն արգելում է Մոսկվայի եւ Չեչնիայի վրա թռիչքները, ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մերձակայքում ու դժվարեցնում է Կալինինգրադի օդային տարածքի մոնիթորինգը:

«Մենք ափսոսում ենք, որ ԱՄՆ վարչակազմը հայտարարել է Բաց երկնքի պայմանագրից իր դուրս գալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին անգամ, որ մենք համաձայն ենք իր մտահոգությանը՝ կապված Ռուսաստանի Դաշնության կողմից Պայմանագրի դրույթների կատարման հետ»,- նշված է 10 եվրոպական պետությունների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ֆրանսիայի ԱԳՆ կայքում:

Հայտարարության մեջ Բաց երկնքի պայմանագիրը որակված է «վստահության ամրապնդման համակարգի կարեւորագույն տարր, որը վերջին տասնամյակներին ստեղծվել է հյուսիսատլանտյան տարածաշրջանում թափանցիկության եւ անվտանգության մեծացման համար»:

Ընդ որում՝ ստորագրած երկրները նշել են, որ իրենք հետագայում եւս հետեւելու են Պայմանագրի դրույթներին եւ շարունակելու են Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ այնպիսի վիճելի հարցերի լուծման համար, ինչպիսին են Կալինինգրադի երկնքում թռիչքների սահմանափակումները:

Արձագանքելով Պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մասին տեղեկությանը՝ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մասը հայտարարել է, որ Բեռլինն ափսոսում է այս քայլի համար: «Այս Պայմանագիրը սպառազինությունների վերահսկման եվրոպական ճարտարապետության կարեւոր բաղկացուցիչն է: Այն գործնականում ամբողջ հյուսիսային կիսագնդում նպաստում է անվտանգության եւ խաղաղության ամրապնդմանը»,- նշված է Մասի հայտարարության մեջ, որը մայիսի 21-ին հրապարակվել էր Գերմանիայի ԱԳՆ կայքում:

«Մենք տեսնում ենք, որ անցած տարիներին Ռուսաստանի մոտ եղել են Պայմանագրի կատարման դժվարություններ: Մեր տեսակետից, սակայն, դա չի արդարացնում դրանից դուրս գալու որոշումը»,- հայտարարել է գերմանական դիվանագիտության ղեկավարը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ, որը հարապարակվել էր մայսիսի 21-ին նշված էր, որ «Միացյալ Նահանգները 6 ամիս հետո այլեւս Պայմանագրի անդամ չի լինի»: Վաշինգտոնը, սակայն, կարող է վերանայել իր ծրագրերը, եթե Ռուսաստանը վերադառնա դրան լիակատար հետեւելուն, հստակեցվել էր փաստաթղթում: