ՄԱԿ գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալ Իձումի Նակամիցուն հայտարարել է, որ COVID-19 համավարակը աշխարհին բերում է տեխնոլոգիական ինովացիաների մակարդակի բարձրացման եւ առցանց ռեժիմում համագործակցության, բայց աճ է դիտվում նաեւ կիբեռհանցագործությունների ոլորտում, հայտնում է Associated Press-ը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ էլեկտրոնային փոստում վնասաբեր հաղորդագրությունների թիվը 600 տոկոսով մեծացել է:

ՄԱԿ ԱԽ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Նակամիցուն հայտնել է ամբողջ աշխարհում բժշկական կազմակերպությունների եւ բժշկական գիտական հաստատությունների վրա հարձակումների վերաբերյալ մտահոգող զեկույցների մասին:

Նրա խոսքով՝ աճող թվային կախվածությունը մեծացրել է նաեւ կիբեռհարձակումների հանդեպ խոցելիությունը, եւ ըստ հաշվարկների՝ ամեն 39 վայրկյանը մեկ տեղի է ունենում նման մեկ հարձակում:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի զինաթափման հարցերով տեղակալը հայտնել է, որ Էլեկտրակապի միջազգային միության տվյալներով՝ մոտ 90 երկրներ կիբեռանվտանգության պարտավորությունների ընդունման դեռեւս վաղ փուլերում են:

Ընդ որում՝ նա նշել է, որ կան նաեւ լավ նորություններ, որոնք վկայում են ՄԱԿ-ում որոշ գլոբալ առաջընթացի մասին՝ համանման տեխնոլոգիայի օգտագործման նորմերի մշակման հետեւանքով սպառնալիքների վերացման ուղղությամբ: