ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում քննարկվում է Պետքարտուղարությունում ապագայում ինֆեկցիոն հիվանդությունների բռնկմանը գլոբալ արձագանքման բաժին ստեղծելու ծրագիրը, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով պարբերականի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը:

Նշվում է, որ այս առաջարկն արդեն քննարկվել է հինգշաբթի Ազգային անվտանգության խորհրդում եւ թեժ վեճ է հարուցել Պետքարտուղարության եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջեւ:

USAID ներկայացուցիչները զարմացած եւ մտահոգված են առաջարկված գաղափարով, որը կարող է հանգեցնել զգալի ֆոնդերի եւ լիազորությունների վերահսկման կորստի:

Իրավիճակին ծանոթ աղբյուրները պնդում են, որ այս գաղափարի իրականացման դեպքում նոր բաժնով կզբաղվի բժիշկ Դեբորա Բիրքսը, որը ղեկավարում է ԱՄՆ նախագահի աշխատակազմի համավարակին արձագանքման խումբը:

Դրանից բացի, այս բաժինը որոշ չափով կարող է դառնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը այլընտրանքային մեխանիզմ, որի ֆինանսավորման դադարեցման մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Այս նախաձեռնության շրջանակում ԱՄՆ Պետքարտուղարությունը համակարգող կնշանակի՝ համավարակին պատրաստ լինելու եւ դրան արձագանքելու գործնականում բոլոր ուղղությունները վերահսկելու համար՝ պատվաստանյութերի եւ թերապեւտիկ միջոցների գլոբալ բաշխումից մինչեւ վիրուսի տարածման կանխման համար ուղեցույցների մշակումը:

Ընդ որում՝ ո՛չ Պետքարտուղարությունը, ո՛չ USAID-ն այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանել: