Մոսկվայի բնակիչների պոպուլյացիոն իմունիտետի վերաբերյալ նոր հետազոտությունը քաղաքին կօգնի նախապատրաստվել նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի երկրորդ ալիքին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս հետազոտությունը (պոպուլյացիոն իմունիտետի) բժիշկներին, սանիտարական բժիշկներին, համաճարակաբաններին թույլ կտա պատրաստվել հաջորդ ալիքին, եւ այն, ամենայն հավանականությամբ, այս կամ այն չափով արտահայտված կլինի: Պոպուլյացիոն իմունիտետի մասին գիտելիքը թույլ կտա ընդունել կարեւոր կառավարչական որոշումներ»,- ասել է Խրիպունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում արդեն ավելի քան 50 հազար մարդ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության ստուգման թեստ է անցել: 12,5 տոկոսի մոտ հայտնաբերվել է G իմունոգլոբուլին:

Մայիսի 15-ին Մոսկվան գործարկել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների ստուգման քաղաքացիների լայնածավալ եւ անվճար թեստավորման ծրագիրը: Յուրաքանչյուր մի քանի օրը մեկ հետազոտությունն անցնելու հրավեր կստանա մինչեւ 70 հազար մարդ: