Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո երկրի բնակիչներին թույլ կտան հարսանիքներ անցկացնել հյուրերի ոչ մեծ թվով՝ 10 մարդուց ոչ ավելի: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Վրաստանում մայիսի 23-ից չեղարիկվել է արտակարգ դրությունը, որը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով երկրում գործում էր 2 ամիս: ԱԴ ռեժիմի հետ միասին այլեւս չի գործում պարետային ժամը, ցույցերի սահմանափակումը եւ մի շարք այլ արգելքներ: Այդուհանդերձ, ուժի մեջ է մնում 10 մարդուց ավելի հավաքների արգելքը՝ կապված սոցիալական միջոցառումների հետ, ինչպիսին են հարսանիքները, ծննդյան տարեդարձները, տոները, հոգեհացերը եւ այլն:

«Հարսանիքներ, իհարկե, կարելի է անել, բայց առայժմ 10 մարդով, մինչեւ համաճարակային իրավիճակը մեզ հնարավորություն չընձեռի: Այսօր կորոնավիրուսը բնակչությանը շատ լավ սովորեցրել է ձեռքերը լվանալ, ամբողջ երկիրը ձեռքերը մշակում է ախտահանիչներով: Այն մեզ նաեւ սովորեցրեց, որ երբեմն այդպես նշելը շատ լավ ավանդույթ է»,- ասել է Գամկրելիձեն:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Հիվանդության տարածման կանխարգելման համար մարտի 21-ից մտցվել է արտակարգ դրություն: Մարտի 31-ից կարանտինային սահմանափակումները խստացվել են:

Վրաստանի տարածքում կորոնավիրուսն ընդհանուր առմամբ հաստատվել է 723 մարդու մոտ: Նրանցից առողջացել է 495 պացիենտ, ինչը երկրում գրանցված փաստերի ամբողջ թվի 68 տոկոսից ավելին է: Ներկայումս շարունակում է ակտիվ մնալ 216 դեպք: COVID-19-ի հետեւանքով մահացել է 12 մարդ: