Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում հարցը, բայց իրականում պարզվեց դա այդպես չէ: Այս մասին այսօր` մայիսի 23-ին,  ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր տան վրա հարձակման միջադեպին:

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որեւէ հարաբերություն չունի, իր տունն ու այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա. «Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում, տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքները կնոջս հասցեին հնչեցնում են, երեխեքս բոլորը տանը, փակվում են տանը»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու կրկին նշել են իր՝ փաստաբան լինելու հանգամանքը:

«Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս համարյա հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է  արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետեւ  չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչություններ էին մնացածը»,- ասաց նա:

Փաստաբանը նշեց, որ այս միջադեպը կապված է իր մասնագիտական գործութնեության հետ, նաեւ ասաց, որ  ինքը դիմել է պահնորդական ծառայությանը, իր տան շուրջը շուրջօրյա պահպանություն իրականացնելու համար:

«Տհաճ վիճակ է, բայց եթե մեկնումեկը փորձել է սրանով ինձ վախեցնել, ապա չարաչար սխալվում է, կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության դեմ»,- ասաց նա:

Նշենք, որ երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա ընտանիքի հասցեին, փորձել վնասել նրա 7-ամյա որդուն: