Լավ չի, որ հիմա էստեղ էդքան մարդ է հավաքվել: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի ծիրանի ավանդական այգիներ այցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մարզպետ Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Ամենաակտիվ գյուղն ա: Կառավարության դիմաց գալու առումով էլ են ակտիվ, հաճախակի են գալիս»:

Վարչապետի հարցին, թե ինչու են գալիս, Գարիկ Սարգսյանն ասաց. «Դե ակտիվ են»:

Նիկոլ Փաշինյանը սկսեց ծիծաղել՝ ասելով. «Երբ գործերից մի քիչ թեթեւանում են, միանգամից գալիս են կառավարության դիմաց ցույց անելո՞ւ»:

Գյուղացիներից մեկն էլ ասաց. «Էս գյուղը այո, ակտիվ է, հեղափոխական գյուղ ա՝ սկսած 1980-ական թվերից: Բայց  ոռոգման սեզոնին սպանում են ժողովրդին: Սա լավագույն հատվածներից մեկն է: Մենք Կարմիր սար ունենք, պոմպակայանը չի հերիքում, որ ջուր հասցնի: Էս քանի տարի խաբում են, ասում են՝ նոր գիծ կսարքենք: Մեր խնդրանքն է, որ աջակցեք այդ հարցում»:

Մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ էս տարի որոշ աշխատանքներ արվել են այդ ուղղությամբ: Նշվեց, որ առավելագույնը 10 օրվա մեջ հարցը կլուծվի, պոմպակայանի անիվը կփոխվի եւ 60 լիտրով ջուրը կավելանա:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, որ Գառնիից Քաղցրաշեն եկող մեծ ջրատար են կառուցել, շինարարական խնդիրներ կան, մեկ տարի է չեն ընդունել աշխատանքը:

Գյուղացիներից մեկն ասաց. «Եթե մեկը ձեզ ասի, որ ջրի հարցը կլուծենք, չեն կարողանալու լուծել: Լուծումը երկրորդ նասոսն է»:

Սրան Փաշինյանն արձագանքեց. «Համաձա՞յն եք, որ երկրորդ նասոսը լինի, դուք էլ անցնեք կաթիլային ոռոգման»: Գյուղացիներն ասացին, որ իրենք սկի փող չունեն հաց առնեն:

«Բա որ փող չկա, ջրի վարձը ոնց եք տալու: Գիտե՞ք ինչի ջեբում փող չկա, որովհետեւ չենք կարողանում  մեր աշխատանքը ճիշտ կազմակերպենք»,-նշեց վարչապետը: