Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը «ոչ դիվանագիտական» է անվանել, որը կասկածել է կորոնաիրուսի վերաբերյալ վրացական վիճակագրությանը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»:

Հայկական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թորոսյանը հայտարարել է, որ Վրաստանում հակահամաճարակային համակարգը եւ առողջապահությունը տարբերվում է հայկականից, ընդ որում՝ ոչ լավ կողմով: Հայաստանի առողջապահության նախարարը կարծում է, որ Վրաստանում վարակման դեպքերի եւ հիվանդների շրջանում մահվան դեպքերի փոքր թիվը կարելի է բացատրել մեթոդաբանության առանձնահատկություններով եւ հարեւան երկրում անցկացվող թեստերի որակով:

«Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում Գամկրելիձեն հայտնել է, որ զարմացած է այս գնահատականներով: NCDC-ի ղեկավարը կասկածում է, որ Թորոսյանն իսկապես կարող էր այդպիսի հայտարարություն կատարել: Գամկրելիձեն չի բացառում, որ լրագրողները նախարարի խոսքը սխալ են մեկնաբանել:

«Ես Արսեն Թորոսյանին անձամբ եմ ճանաչում: Փոքր-ինչ զարմացած եմ, եթե այս հայտարարությունը նա արել է այդ ռակուրսով: Հիշեցնեմ, որ մենք անչափ մտերիմ ժողովուրդներ ենք, հարեւաններ, մենք ընդհանուր մեծ պատմություն ունենք: Մի փոքր զարմանալի է նրանից այդպիսի ոչ դիվանագիտական հայտարարություններ լսել»,- ասել է Գամկրելիձեն:

Թորոսյանը նաեւ պնդում է, որ Վրաստանից Հայաստան ժամանող քաղաքացիների շրջանում հայտնաբերվել են COVID-19-ով շատ հիվանդներ, այդ թվում՝ ֆուրերի վարորդների շրջանում: Գամկրելիձեն ի պատասխան սրան հիշեցրել է, որ նման դեպքերի համար «Առողջապահության համաշխարհային կազմակերպության առողջապահության կանոնների պահպանման մասին միջազգաին կոնվենցիայի» կանոնակարգ կա, որի անդամներ են Վրաստանն ու Հայաստանը:

NCDC-ի ղեկավարի պարզաբանմամբ՝ եթե Վրաստանի տարածքում վիրուսը հաստատվում է օտարերկրացիների մոտ, ապա իշխանությունները տեղեկացնում են ԱՀԿ-ին, ինչպես նաեւ այն պետությանը, որի քաղաքացին է վարակակիրը:

«Ելնելով սրանից՝ եթե նման դեպքեր եղել են, պարոն Թորոսյանը պետք է իրազեկեր ԱՀԿ-ին, ինչպես նաեւ մեզ»,- ասել է Գամկրելիձեն:

Նա մեկնաբանել է նաեւ Թորոսյանի այն հայտարարությունը, որն առնչվում է Վրաստանում մահվան դեպքերի հաշվառման մեթոդաբանության թափանցիկությանը: Ընդ որում՝ Գամկրելիձեն նշել է, որ Վրաստանում այսօր «բոլոր հոսպիտալներում թոքաբորբով բոլոր հիվանդները թեստավորվում են եւ նաեւ բոլոր ամբուլատոր բուժման դիմողները, որտեղ դրվում է թոքաբորբի ախտորոշում»:

«Նա կարող է նայել մեր հրապարակած տվյալները, որոնք հրապարակվում են անգլերենով: Դրանք կան մեր վեբ-էջում: Մեր ամենամյա վիճակագրական ժողովածուներում կա թոքաբորբի դինամիկան: Մենք դա ուսումնասիրել ենք: Մեզ մոտ չկա, այսպես կոչված, «ավելցուկային մահացություն», որը համարվում է այս համաճարակի ժամանակ կարեւոր ցուցանիշներից մեկը: Այն եղել է եւ կա Իտալիայում, շատ երկրներում, որտեղ բարձր մահացություն է եղել: Մենք դրան նայում ենք 3-4 ամսվա ընթացքում՝ արդյոք մեզ մոտ չկա՞ «ավելցուկային մահացություն»՝ 2018, 2019, 2020 թվականների համեմատությամբ, այդ թվում՝ թոքաբորբի հետեւանքով: Մեզ մոտ այն չկա»,- հավելել է NCDC ղեկավարը:

Ընդ որում՝ Գամկրելիձեն Թորոսյանին հավաստիացրել է, որ երբ Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնը ներկայացնում է կորոնավիրուսի ախտորոշման անցկացված թվերի վիճակագրությունը, խոսքը միայն պոլիմերազայինն շղթայական ռեակցիայի մեթոդի մասին է, եւ էքսպերս թեստերը, որոնք պակաս ճշգրիտ են համարվում, չեն հաշվարկվում:

«Պարոն Թորոսյան, ո՛չ: Այն 46 կամ 47 հազար թեստերը, ես հիմա ստույգ չեմ հիշում մեր այսօրվա տվյալները, որոնք երկրում անցկացնում ենք, բոլորը ՊՇՌ-թեստեր են: Այստեղ մենք չենք ներառում մի քանի հազար արագ թեստերը, որոնք օգտագործվում են բժշկականն հաստատություններում»,- հավելել է նա:

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 23-ի դրությամբ երկրում COVID-19-ով վարակման դեպքերի թիվը կազմում է 6302: Նրանցից ապաքինվել են 2 936 մարդ, մահացել՝ 77-ը: Ակտիվ են շարունակում մնալ 3 257 դեպքեր:

Հայաստանում անցկացվել է ընդհանուր առմամբ 49 080 թեստ:

Վրաստանի տարածքում կորոնավիրուսը հաստատվել է 728 մարդու մոտ: Նրանցից ապաքինվել է 508 պացիենտ՝ սա երկրում գրանցված փաստերի ընդհանուր թվի գրեթե 70 տոկոսն է: Ներկայումս շարունակում են ակտիվ մնալ 208 դեպքեր: COVID-19-ի հետեւանքով մահացել է 12 մարդ:

Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ մայիսի 22-ի դրությամբ երկրում անցկացվել է կորոնավիրուսի ախտորոշման ավելի քան 45 հազար ՊՇՌ-թեստ: