Վատիկանի թանգարանները հունիսի 1-ին մոտ եռամսյա ընդմիջումից հետո կբացվեն այցելուների համար, հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում կատարելով թանգարանի վարչակազմի հայտարարությանը։

Ինչպես եւ Իտալիայի տարածքում գտնվող թանգարանները, վատիկանյան հաստատությունները մտադիր են սոցիալական հեռավորության եւ հիգիենայի պահպանման միջոցներ ձեռնարկել։ Այսպես, մուտքի մոտ ջերմաչափում կկատարվի։ Եթե այն 37,5 ու բարձր լինի, ապա այցը կմերժվի։ Նաեւ այցելուները ստիպված կլինեն դիմակներ կրել պատկերասրահում գտնվելու ամբողջ ընթացքում եւ միմյանցից առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել։ Թանգարանների տարածքում կկազմակերպվի բուժանձնակազմի հերթապահություն՝ այցելուներին հնարավոր օգնություն ցուցաբերելու համար։

Պապական թանգարանների համալիրի մուտքը կթույլատրվի միայն նրանց պաշտոնական կայքում առցանց տոմս գնելու դեպքում։ Ընդ որում, «հետկարանտինյան» ռեժիմի գործողության ընթացքում, որի ժամկետը դեռ հայտնի չէ, այցելուներից ձեւակերպման համար չորս եվրո միջնորդավճար չեն վերցնի։ Վատիկանի թանգարանների հետ միասին հանրության համար կվերականգնվեն նաեւ Հռոմի մոտ Կաստել-Գանդոլֆո քաղաքում Պապի առանձնատների այցելությունները։

Թանգարանների վարչակազմն ընդգծում է, որ այցերի համար անհրաժեշտ է հստակ պահպանել տոմսի վրա նշված ժամանակային միջակայքը։ Ավելի քան 15 րոպե ուշանալու դեպքում մուտքը կարող է արգելվել, իսկ տոմսի գումարը չի վերադարձվի։

Վատիկանի թանգարանները հանրության համար փակվել էին մարտի 9-ին՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի նպատակով իտալական իշխանությունների ընդունած միջոցառումների համաձայն։ Կարանտինի ընթացքում կազմակերպվել են կայքի այցելուների համար յոթ շրջագայություններ, ինչպես նաեւ ավարտվել է Ռաֆայելի նկարազարդումների վերանորոգումը։ «Արդարադատության եւ բարեկամության ալեգորաիաներ»-ը վարպետի վերջին գործն են դարձել։

Վատիկանի թանգարանների համալիրի աշխատանքային գրաֆիկը նոր պայմաններում կերկարաձգվի։ Եթե նախկինում դրանք աշխատում էին 9։00-18։00-ը, ապա այժմ երկուշաբթիից հինգշաբթի՝ 10։00-20։00-ը, ուրբաթ եւ շաբաթ օրերին՝ մինչեւ 22։00-ը։