Մեծ Բրիտանիայի վարչապետի գլխավոր խորհրդական Դոմինիկ Քամինգսին կարանտինային ռեժիմի խախտման մեջ են մեղադրել, գրում է Associated Press-ը։

Գործակալությունը նշում է, որ Լոնդոնում բնակվող Քամինգսը անցել է 400 կմ, որպեսզի այցելի երկրի հյուսիսարեւելյան Դարեմում ապրող ծնողներին։

Բորիս Ջոնսոնի գլխավոր խորհրդականն ինքը հերքում է, որ որեւէ խախտում է թույլ տվել։

Պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին՝ Քամինգսը նշել է, որ իր վարքագիծը խելամիտ եւ օրինական է եղել։

Նա բացատրել է, որ գնացել է ծնողների մոտ, քանի որ իր կնոջ մոտ կորոնավիրուսի ախտանիշներ են ի հայտ եկել, ինքը համարել է, որ նույնպես կարող է վարակվել եւ խնդրել է հարազատներին խնամել փոքր երեխային, իսկ նրանց հետ շփվելիս հեռավորություն է պահպանել։

Ավելի վաղ բրիտանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քամինգսը ավելի քան 400 կմ գնացել է, որպեսզի այցելի իր ծնողներին՝ անտեսելով համավարակի հետ կապված արգելքը։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի վերջին-ապրիլի սկզբին։

Ընդդիմադիր քաղաքական գործիչները բացատրություններ են պահանջել։ Նաեւ վարչապետի խորհրդականին աշխատանքից ազատելու առաջարկներ են հնչել։