Իսպանիան հուլիսից իր սահմանները կբացի արտասահմանցի զբոսաշրջիկների համար, հայտարարել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը, գրում է The Guardian-ը։

Նա խոստացել է, որ կառավարությունը երաշխավորում է զբոսաշրջիկների եւ տեղացի այցելուների անվտանգությունը։

Սանչեսը նաեւ տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին ուժի մեջ կմտնի 3 մլրդ եվրոյի չափով նվազագույն բազային եկամտի սխեման՝ կորոնավիրուսի համավարակից առավել տուժած ընտանիքների աջակցության համար։

«Ինչպես գիտեք, Իսպանիա տարեկան գալիս է ավելի քան 80 մլն զբոսաշրջիկ։ Ես հայտարարում եմ, որ հուլիսից Իսպանիան կրկին կբացվի արտասահմանյան զբոսաշրջիկների համար՝ անվտանգության պահպանման պայմանով։ Արտասահմանցի զբոսաշրջիկները նույնպես կարող են պլանավորել իրենց արձակուրդը մեր երկրում։ Իսպանիան զբոսաշրջության կարիք ունի, եւ զբոսաշրջությունն ինչպես ճանապարհորդության ելման կետի, այնպես էլ մեկնելու վայրի անվտանգության կարիք ունի։ Մենք երաշխավորում ենք, որ զբոսաշրջիկները չեն բախվի վտանգների եւ վտանգ չեն ներկայացնի մեր երկրի համար»,- հայտարարել է վարչապետը։

Նշվում է, որ Սանչեսը ելույթ է ունեցել հազարավոր մարդկանց մասնակցությամբ ավտոմոբիլային բողոքի երթից հետո, որը կազմակերպել էր ուլտրաաջ ընդդիմադիր Vox կուսակցությունը։