Աջարիայում բուժել են կորոնավիրուսով բոլոր վարակվածներին։ Տարածաշրջանը, որը «COVID-19-ից զերծ» կարգավիճակ է ստացել, սկսում է պատրաստվել զբոսաշրջային սեզոնին։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է ինքնավարության նախագահ Թոռնիկե Ռիժվաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

Ապրիլի 30-ից Աջարիայում կորոնավիրուսից վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։ Տարածաշրջանում վարակը հաստատվել է ընդամենը 70 մարդու մոտ։ Նրանցից միայն երկուսն էին մինչ այժմ բուժվում Բաթումի «Մեդալֆա» կլինիկայում։ Այսօր հայտնի դարձավ, որ երկու պացիենտն էլ ապաքինվել են եւ առաջիկայում դուրս կգրվեն հիվանդանոցից։

Ընդ որում, Աջարիայի կառավարությունում ընդգծում են, որ տարածաշրջանում անցկացվել է ավելի քան 10 700 թեսթ։

««Կանաչ գոտու» կարգավիճակը եւ անվտանգ տարածաշրջանի կարգավիճակը հատկապես կարեւոր են մեզ համար զբոսաշրջային սեզոնի մոտենալու հետ։ Մեզ բոլորիս պետք է շատ ուշադիր հետեւել խորհրդատվություններին, որպեսզի վերադառնանք կարգավորման, տնտեսական վերականգնման փուլին եւ ընդունենք զբոսաշրջիկների այս տարի»,- ասել է Ռիժվաձեն։

Վրաստանն այսօրվա դրությամբ ամենաբարենպաստ երկրներից է Եվրոպայում՝ կորոնավիրուսի տարածման ցածր տեմպերի եւ վարակված պացիենտների արդյունավետ վերահսկման տեսակետից։ Ներկայում Վրաստանում բուժումը շարունակում են կորոնավիրուսով 208 պացիենտներ։ 12 մարդ մահացել է, ապաքինվել է 508 վարակված, դա փետրվարի 26-ից գրանցված բոլոր դեպքերի մոտ 70%-ն է։

Հաշվի առնելով համաճարակաբանական բարենպաստ իրավիճակը՝ երկրում արտակարգ դրությունը մայիսի 23-ից հանվել է։ Արդեն հունիսի 15-ից Վրաստանում կբացվի զբոսաշրջային սեզոնը երկրի ներսում, իսկ հուլիսի 1-ից երկիրը կսկսի ընդունել արտասահմանյան զբոսաշրջիկների։

Իր ցամաքային եւ օդային սահմանները արտասահմանցի ճանապարհորդների համար Վրաստանը կբացի հաշվի առնելով Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ համատեղ մշակած ուղեցույցները։

Ըստ կառավարության կողմից առաջարկված կոնցեպտի՝ զբոսաշրջիկներին կառաջարկվի հանգիստ հենց «կանաչ գոտիներում»՝ այն հանգստավայրերում, որտեղ կորոնավիրուսով վարակվածներ չկան։ Ավելի վաղ Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունում հայտարարել էին, որ Աջարիան, ամենայն հավանականությամբ, առաջինը կստանա նման կարգավիճակ։ Ընդ որում, մարքեթինգ անցկացնելիս պլանավորվում է շեշտը դնել էկո-զբոսաշրջության վրա՝ հանրայնացնելով տարածաշրջանի բարձրլեռնային մասը։

Ինչ վերաբերում է Աջարիայի սեւծովյան հանգստավայրերին, տեղական իշխանությունները խոստանում են, որ զբոսաշրջային սեզոնի բացվելուց հետո լողափերին կսահմանվի սոցիալական հեռավորության պահպանման «մեղմ վերահսկում»։