Հիվանդության 11 օրերից հետո Covid-19-ով պացիենտներն այլեւս սպառնալիք չեն ներկայացնում հիվանդության տարածման տեսակետից, ինչը նշանակում է, որ նրանց հանգիստ կարելի է դուրս գրել հիվանդանոցներից, հայտնում է The Straits Times-ը։

Թերթը գրում է, որ այժմ Սինգապուրում պացիենտներին դուրս են գրում միայն կորոնավիրուսի երկու բացասական թեսթերից հետո։ Սակայն տեղի հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ թեսթի դրական արդյունքի դեպքում պացիենտի մոտ վիրուսը ոչ միշտ է կենսունակ։

Դա պայմանավորված է նրանով, որ թեսթը հայտնաբերում է վիրուսի գենոմի մասերը, սակայն չի կարող ցույց տալ՝ դրանք ընդամենը վիրուսի մաս են, թե անվնաս վիրուս, որը կենսունակ չէ եւ ոչ մեկին չի կարող վարակել։

Հետազոտության արդյունքներն ուղարկվել են Սինգապուրի առողջապահության նախարարություն, որը խոստացել է ուսումնասիրել գիտնականների փաստարկները եւ դրա հիման վրա որոշում կայացնել։