Հունաստանի արտաքին գործերի նախարարությունն ու ազգային պաշտպանության նախարարությունը հերքում են հաղորդագրությունները, որ թուրք զինվորականները գրավել են հունական տարածությունները Էվրոսի մերձակայքում սահմանին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նախ ներխուժել են տասը թուրք զինվորներ եւ հատուկջոկատայիններ․ այժմ այնտեղ կան ավելի քան 35 զինվորականներ։ Նրանք կազմակերպել են ճամբար 1.6 հա տարածքում եւ տեղադրել վրաններ։ Լուսանկարներում երեւում է թուրքական փոքր դրոշ։ Թուրքերը հերքել են զորքերին դուրս բերելու մասին Հունաստանի պահանջները, գրում են ԶԼՄ-ները։

Հունաստանի ԱԳՆ-ն անվանել է ֆեյք հունական տարածքում արտասահմանյան ուժերի գտնվելու մասին լուրերը։

«Վերջին fake news-ի տարածման կապակցությամբ ընդգծվում է, որ հունական հողի վրա չկան օտարերկրյա ուժեր։ Կառավարությունն ապացուցել է, որ գիտի, թե ինչպես պաշտպանել Հունաստանն ու Եվրոպան, եւ մեր սուվերեն իրավունքները»,-ասվում է հունական արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարություն է տարածել՝ «պարզաբանելով տարածքը «օկուպացնելու» մասին կեղծ լուրերը»։

«Ազգային պաշտպանության նախարարությունը պարզաբանում է, որ Հունաստանի տարածքը երբեք չի օկուպացվել օտարերկրյա ուժերի կողմից։ Զինված ուժերը եղել են, կան եւ միշտ ներկա կգտնվեն տարածաշրջանում՝ կատարելով իրենց առաքելությունն ամբողջովին»,-ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։