Բժիշկները նախազգուշացրել են նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած նոր առեղծվածային բարդությունների մասին, որն ախտահարում է երեխաներին, ինչպես նաեւ երիտասարդ մարդկանց, գրում է The Sun-ը։

Պարբերականը նշում է, որ խոսքը վերաբերում է բարդություններին, որոնք նման են Կավասակի հիվանդության ախտանշաններին (մարմնի արյունատար անոթների բորբոքում, որն ուղեկցվում է ցանով, տենդով եւ մի շարք այլ ախտանշաններով)։

Պարբերականի տեղեկություններով՝ Կալիֆոռնիայում եւ Նյու Յորքում այդ բարդությունով բուժվել է առնվազն վեց մարդ 20 տարեկանում եւ փոքր-ինչ բարձր տարիքում։

Նոր տիպի կորոնավիրուսի առաջացրած բարդությունների հետեւանքով դեռեւս ավելի հաճախ մահացել են տարեց մարդիկ, սակայն հայտնաբերված բարդությունը մտահոգություն է առաջացրել բժիշկների մոտ, որ այն կարող է ներկայացնել վտանգ նաեւ երեխաների եւ երիտասարդների համար։

Որոշ հետազոտողներ անգամ համարում են, որ կորոնավիրուսով վարակվելը կարող է առաջացնել Կավասակի հիվանդությունը։

Առողջական վիճակը, որը հայտնի է դարձել որպես բորբոքային մուլտիհամակարգային համախտանիշ, ունի ախտանշաններ, որոնք նման են տոքսիկ շոկի եւ Կավասակի հիվանդության՝ ներառյալ տենդը, ցանը, այտուցված գեղձերը, ծանր դեպքերում սրտի բորբոքումը, նշում է պարբերականը։