Tele2 հեռուստահաղորդակցման ընկերությունը կիրակի թողարկել է Շվեդիայում նոր սերնդի բջջային կապի 5G առաջին կոմերցիոն ցանցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կոնցեռնի մամուլի հաղորդագրությանը։

Նոր տեխնոլոգիան ապահովում է տեղեկատվության փոխանցման արագությունը 1Գբ/վ մակարդակում, ինչը գրեթե 4 անգամ բարձր է, քան 4G սերնդի դեպքում։ Մինչդեռ այսօր շրջանառության մեջ գտնվող հեռախոսների մեծամասնությունը չունի բջջային կապի նոր սերնդի բոլոր առավելություններից օգտվելու հնարավարություն։  5G-ին ավտոմատ կերպով կմիանան Tele2-ի բաժանորդները, որոնք օգտվում են անսահմանափակ ինտերնետով։

Մինչդեռ Թագավորական տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Յենս Սանդերը նշել է, որ սովորական օգտատերը հազիվ թե նկատի տարբերություն 5G կապին անցնելիս։

Պրոֆեսորի կարծիքով՝ 5G տեխնոլոգիան զգալի օգուտ կբերի Ասիայից տեղափոխված բնակիչներին, որտեղ առկա ցանցերի հզորությունը բավարար չէ որակյալ կապի համար։ Շվեդիայում գագաթնակետը դեռեւս չի գրանցվել, եւ 4G-ի հնարավորությունները դեռեւս որոշ ժամանակ կբավարարեն։

Պրոֆեսոր Սանդերը նաեւ ընդգծել է, որ 5G-ն չի կարողանա բարելավել բջջային կապի ծածկույթի որակն այնտեղ, որտեղ ազդանշանը չունի բավարար ուժ։

Հինգերորդ սերնդի բջջային կապն ապահովում է ավելի բարձր անցագրային ունակություն․ տվյալների փոխանցման ռեկորդային արագությունը հասնում է 25 Գբ/վ։ Այդպիսի ցուցանիշները թույլ են տալիս իրական ժամանակի ռեժիմում հեռարձակել 8K (Ultra HD) տեսանյութեր։ Շվեդիան առաջին երկիրն է, որտեղ գործում է 5G-ն թեստային ռեժիմում։