Ակնկալվում է, որ ԱՄՆ կառավարությունը կհայտարարի Բրազիլիայից երկրում մուտքի արգելքի մասին, քանի որ այդ երկիրը համարվում է պանդեմիայով առավել ախտահարված երկիր Հարավային Ամերիկայում, հաղորդում է Associated Press-ը։

Այդ կապակցությամբ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայանը հայտարարել է, ԱՄՆ-ը ցանկանում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները ամերիկացիներին պաշտպանելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն արգելել է երկրում մուտքը Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Չինաստանի համար։ Չորեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է Բրազիլիայից մուտքն արգելելու հավանականությունը։

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Օ’Բրայանը նշել է, որ ակնկալվում է, որ արգելքը կկրի ժամանակավոր բնույթ։

Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 347 000 եւ այդ հիվանդության հետեւանքով մահվան 22 000 դեպք։ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 96 000-ի։