Ավստրիայի ոստիկանությունը տեսել է երկրի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին ռեստորանում պաշտոնապես թույլատրված ժամից հետո, հաղորդում է DW-ը։

Կիրակի երկրի առաջնորդը գտնվել է ռեստորանում իր տիկնոջ հետ եւ, իր իսկ խոսքով, «տարվել է խոսակցությամբ եւ չի նկատել, թե ինչպես է անցել ժամանակը»։

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին ընդունված սահմանափակումների պատճառով Ավստրիայում ռեստորանները, ակումբներն ու սրճարանները պետք է փակվեն ոչ ուշ, քան 23:00-ը։ Այցելուներին թույլատրվում է շարունակել նստել սեղանների շուրջ նաեւ ավելի ուշ, սակայն մատուցողներին արգելվում է նրանց սպասարկել։

Երբ ոստիկանությունը մուտք է գործել Վիենայի կենտրոնում գտնվող «Sole» իտալական ռեստորան, նախագահի սեղանին դրված են եղել ըմպելիքներ։ Հենց դա է գնահատվել որպես խախտում, որի համար քաղաքական գործիչը ներողություն է խնդրել։

Քաղաքական գործչի համար միջադեպը կանցնի անհետեւանք, գրում է Bild-ը։ Իսկ ռեստորանի սեփականատիրոջը վատագույն դեպքում սպառնում է տուգանք 30 000 եվրոյի չափով։