Կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել քաղաքացիներին չանցկացնել ամառային հանգիստն արտերկրում, հաղորդում է DW-ը։

Ֆրանսիայի բնապահպանության նախարար էլիզաբեթ Բորնի խոսքով՝ խորհուրդ չի տրվում մեկնել Իսպանիա՝ չնայած այդ սահմանակից երկիրը պատրաստվում է առաջիկայում բացել սահմանները։ Որոշումը, որ Իսպանիայի իշխանությունները կբացեն սահմանները եւ միեւնույն ժամանակ կսահմանեն որոշակի կանոններ ինքնաթիռով երկիր մուտք գործող մարդկանց համար, Բորնը համարում է «հակասական»։

Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի երկրի ներսում քաղաքացիների ուղեւորությունների կանոնները մեղմելու հնարավորությունը։ Ներկայում ֆրանսիացիներին թույլ է տրվում հեռանալ տնից առավելագույնը հարյուր կիլոմետր հեռավորության վրա։

Ինչ վերաբերում է Փարիզին, այն դեռեւս «կարմիր գոտի» է վարակվածների համեմատաբար բարձր մակարդակի պատճառով։ Բորնի խոսքով՝ քաղաքում այգիները դեռեւս փակ կմնան այցելուների համար։