Մադրիդ եւ Բարսելոնա ինքնավար համայնքը երկուշաբթի օրվանից կորոնավիրուսի տարածումը զսպելու համար ներդրված սահմանափակիչ միջոցների մեղմման նոր փուլ է տեղափոխվում: Ընդ որում, բնակչության մեծ մասն այս փուլին էր անցել դեռ մեկ շաբաթ առաջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թագավորության իշխանություններն ի սկզբանե նախազգուշացնում էին, որ միջոցառումների մեղմացումը կարող է տարբեր տեմպերով ընթանալ՝ կախված իրավիճակից կոնկրետ տարածաշրջանում կամ նահանգում: Երկուշաբթի օրվանից Մադրիդի եւ Բարսելոնայի բնակիչներին թույլատրվում է հանդիպել ընկերների եւ հարազատների հետ, ովքեր ապրում են նույն նահանգում: Ընդ որում, դեռ չի կարելի հավաքվել խմբերով, որոնց թիվը գերազանցում է 10 մարդը:

Փողոցում զբոսնել եւ սպորտով զբաղվել դեռ անհրաժեշտ է այն ժամանակահատվածներում, որոնք ավելի վաղ սահմանվել էին մարդկանց տարբեր խմբերի համար: Բացի այդ, իսպանացիներին դեռ չի թույլատրվում դուրս գալ այն նահանգի սահմաններից դուրս, որտեղ նրանք բնակվում են: Ռեստորանները, բարերը եւ սրճարանները կկարողանան բացել իրենց տեռասներն այցելուների համար, սակայն միաժամանակ կարող է զբաղեցվել սեղանների ընդհանուր թվի միայն 50 տոկոսը, որոնք պետք է ախտահանվեն յուրաքանչյուր հաճախորդից հետո: Մասնակիորեն կարող են վերսկսել իրենց աշխատանքը նաեւ մարզադահլիճները, թանգարանները եւ եկեղեցիները: Կրկին կբացվեն նաեւ հյուրանոցները, սակայն՝ առանց ընդհանուր օգտագործման գոտիների, ճաշի սրահները եւ լողավազանների: Այս փուլում թույլատրվում է նաեւ որսը եւ ձկնորսությունը:

Միեւնույն ժամանակ, երկրի բնակչության գրեթե կեսը բնակվում է այնպիսի շրջաններում, որոնք երկուշաբթի օրվանից սպասում են իշխանությունների հայտարարած սահմանափակումների թուլացման չորս փուլերից երրորդին: Այս փուլում իսպանացիներին դեռ չի թույլատրվում դուրս գալ իրենց մարզերի սահմաններից, բայց փողոցում զբոսնելու եւ սպորտով զբաղվելու համար ժամային սահմանափակումները հանվում են:

Թույլատրվում են հանդիպումները մտերիմների հետ՝ առավելագույնը 15 հոգով: Սրճարաններն ու ռեստորանները այժմ կարող են սպասարկել հաճախորդներին հաստատությունների ներսում, այլ ոչ միայն՝ տեռասներում, ինչպես մեղմացման նախորդ փուլում էր: Այնուամենայնիվ, միաժամանակ կարող է զբաղեցվել սեղանների ընդհանուր թվի ոչ ավել, քան 40 տոկոսը:

Այս փուլում կրկին բացվում են լողափերն ու լողավազանները, առեւտրի կենտրոնները, թատրոնները, կինոթատրոնները, մարզադահլիճները՝ մարդկանց միաժամանակ այցելության սահմանափակ թվով:  Բացի այդ, կարելի է նաեւ հարսանիք տոնել, սակայն հյուրերի քանակը չպետք է գերազանցի 50 մարդը, եթե արարողությունը տեղի է ունենում փակ տարածքում: