Չինաստանն անհիմն է համարում ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, որ ՉԺՀ-ն կարող է փորձել գողանալ ամերիկյան պատվաստանյութը COVID-19-ի դեմ, երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը վստահություն էր հայտնել, որ Միացյալ Նահանգներին առաջինը կհաջողվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել, ընդ որում, նա չի բացառում, որ Չինաստանը կարող է փորձել գողանալ ԱՄՆ-ից COVID-19-ի դեմ պատվաստանյութը:

«ԱՄՆ հայտարարություններն անհիմն են: Չինաստանը զգալի առաջընթաց է գրանցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման հարցում, ինչու՞ մենք պետք է նայենք Միացյալ Նահանգներին»,- ասել է դիվանագետը:

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե որ երկիրն առաջինը կավարտի պատվաստանյութի մշակումն ու զարգացումը եւ կսկսի դրա կիրառումը, դա նշանակալի ներդրում կլինի համավարակի դեմ մարդկության պայքարում: Գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ուսումնասիրությունն ու զարգացումը ոչ թե մրցավազք է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ, այլ մրցավազք՝ մարդկության եւ վիրուսի միջեւ:

«Չինաստանը պատրաստ է կիսվել իր փորձով պատվաստանյութի հետազոտման եւ զարգացման գործում եւ ամրապնդել միջազգային համագործակցությունն այս ոլորտում»,- ասել է նա: