Tom’s Guide պորտալը հրապարակել է iPhone-ի նոր մոդելների գները:

Սպասվում է, որ նոր հավաքածուի սմարթֆոնները ներկայացվելու են 4 տարբերակով՝ iPhone 12 (5,4 դյույմ անկյունագծով էկրանով), iPhone 12 Max (6,1), iPhone 12 Pro (6,1) եւ iPhone 12 Pro Max (6,7): Բոլոր մոդելները կունենան OLED դիսփլեյներ: Կկարողանան աշխատել նաեւ 5G ցանցերում:

Պարբերականի տեղեկություններով՝ iPhone 12-ի «կրտսեր» մոդելի գները տատանվում են 649-749 դոլարի սահմաններում: iPhone 12 Max-ի համար գնորդը ստիպված կլինի վճարել 749-ից մինչեւ 849 դոլար, 12 Pro մոդելի համար՝ հազարից մինչեւ 1,3 հազար դոլար, իսկ «ավագ» Pro Max-ի համար՝ մինչեւ 1,4 հազար դոլար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ նոր iPhone-ների հնարավոր գների վերաբերյալ իր տեղեկություններն էր հայտնել լրագրող եւ բլոգեր Ջոն Փրոսերը: Նրա տեղեկություններով՝ հավաքածուի ամենաթանկարժեք մոդելը ապագայում կարժենա 1,1 հազար դոլար:

Սմարթֆոնի շնորհանդեսի ստույգ օրն առայժմ հայտնի չէ: Հաղորդվում էր, որ Apple ընկերությունը iPhone 12-ը ցույց կտա սեպտեմբերին, սակայն կորոնավիրուսի համավարակի ստեղծած դժվարությունների պատճառով միջոցառումը եւ հեռախոսների վաճառահանումը կարող է հետաձգվել մինչեւ հոկտեմբեր: