«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրավական դիրքորոշում է հայտնել մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից մայիսի 08-ին Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ մեկ հարվածը չի կարող ծեծ համարվել (ՀՀ վճռաբեկ դատարանի 2012թ. նոյեմբերի 01-ի որոշումն ԱՐԴ/0176/01/11 թվակիր գործով)։

Այս կապակցությամբ՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ մի քանի խնդիրների։ Մասնավորապես՝

Նախ, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ քրեորեն հետապնդելի արարք է ծեծը կամ այլ բռնի գործողություններ կատարելը (եթե դրանք չեն առաջացրել առողջության կարճատեւ քայքայում կամ ընդհանուր աշխատունակության աննշան կայուն կորուստ)։ Այսինքն, Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի նկատմամբ մայիսի 8-ին կատարված գործողությունները ծեծ չորակվելու պարագայում, դրանք կարող էին որակվել այլ կերպ, եթե ընդունենք, որ նրան իրոք հասցվել է մեկ հարված, որը նրան ֆիզիկական ցավ է պատճառել։

Երկրորդ, այստեղ էական է, որ Էդմոն Մարուքյանին հասցվել է ոչ թե մեկ, այլ մեկից ավելի հարվածներ՝ տարբեր անձանց կողմից։ Ընդ որում, այս փաստին ականատես են եղել ոչ միայն խորհրդարանում այդ օրը ներկա եղած պաշտոնատար եւ այլ անձիք, այլ նաեւ ուղիղ եթերին հետեւող հազարավոր քաղաքացիները։

Այդ իրադարձության տեսագրությունը տարածվել է մամուլով եւ այժմ էլ հասանելի է համացանցում։ Վստահաբար, այդ տեսանյութը դիտողի մոտ կասկած չի մնում կատարվածի մասին, եւ անհնար է դրա միջոցով որեւէ կերպ մանիպուլացնել եղելության փաստերը։

Ամեն դեպքում, 118-րդ հոդվածը մասնավոր մեղադրանքի գործերի շարքում է՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի։ Իսկ մենք գտնում ենք, որ տեղի ունեցածը դուրս է մասնավոր մեղադրանքի տիրույթից, եւ, հետեւաբար, տեղի ունեցածը չենք դիտարկում որպես մասնավոր մեղադրանքի դեպք ու այդ մասով բողոք չենք ներկայացրել։

Երրորդ, առնվազն մեզ համար ակնհայտ է, որ ի սկզբանե դրվել է այնպիսի որակում, որպեսզի այնուհետեւ մերժվի քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Սակայն քննարկվող գործով որակումը պետք է բոլորովին այլ լիներ։

Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով արտահայտված՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար (խուլիգանություն)։ Ընդ որում, նույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ ավելի խիստ պատժի է ենթակա նույն արարքը՝ զուգորդված անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (…)` կատարված մի խումբ անձանց (...) կողմից (խուլիգանության որակյալ հանցակազմ):

Խուլիգանության հանցակազմին մանրամասն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը՝ 2012թ. մարտի 30-ին թիվ ԱՎԴ/0014/01/11 գործով կայացված որոշմամբ, որի վերլուծական մասը համադրելով խորհրդարանում տեղի ունեցած իրադարձությունների փաստակազմի հետ՝ ակնհայտ է դառնում, որ պատգամավոր Սասուն Միքայելյանի արարքը պետք է որակվեր 258-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ մյուս հարվածողների արարքները՝ նույն հոդվածի 3-րդ մասով։

Այլ կերպ չեն կարող որակվել Ազգային ժողովի նիստի ընթացքում իր սահմանադրական լիազորություններն իրականացնող, այն է՝ ելույթ ունեցող պատգամավորի նկատմամբ կիրառված բռնության սպառնալիքները, այնուհետեւ նրան տարբեր անձանց կողմից հասցված հարվածները՝ նիտին ներկա այլ պատգամավորների, վարչապետի, կառավարության այլ անդամների եւ այլ անձանց ներկայությամբ՝ տեղեկացած լինելով նաեւ, որ նիստն ուղիղ հեռարձակվում է եւ հասանելի է անսահմանափակ թվով անձանց։

Սա դասական խուլիգանության որակյալ հանցակազմ է՝ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված հանցագործություն։ Քննարկման առարկա գործողություններով նախեւառաջ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, արարքն ինքնին դրսեւորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից եւ արհամարհական վերաբերմունքով։ Արդյունքում առաջնահերթ խախտվել է օրենսդիր մարմնի բնականոն գործունեությունը։

Ընդդիմադիր խմբակցության առաջնորդի նկատմամբ կիրառված բռնությունն իրավախախտման հեղինակների կողմից կիրառվել է որպես գործիք ընդդիմադիր խոսքը լռեցնելու նպատակով, եւ սա ՀՀ Ազգային ժողովի խմբակցության սահմանադրական լիազորությունները խոչընդետոլու ակնհայտ օրինակ է։

Տեղի ունեցածն ունենալու է իր իրավական հետեւանքները՝ եթե ոչ այսօրվա իրողություններով, ապա հետագայում։