«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով այսօր նույն ՀՈԱԿ–ի աշխատակիցների բողոքի ակցիայի ժամանակ հնչած հայտարարությանը, որ բոլորին աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ուղարկվել, այդ թվում հղի կնոջ։ Կարապետյանը մասնավորապես նշել է.

«Ասուլիսում կեղծ փաստեր են հնչել.

Ներկայացնում եմ Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրինության հայտարարությունը.

Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում:

Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով:

Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր եւ այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացրել, ասելով որ նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում եւ բոլորին աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ուղարկվել։ Ակցիայի մասնակիցներին են միացել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստա» եւ «Լույս» խմբակցության անդամներ, նրանք եւս դատապարտեցին նման արարքը։