2019-ին շուկայում գերիշխող դիրքի չարաշահումների փաստով հարուցվել է 20 վարչական վարույթ, 2018-ին՝ 3, 2017-ին՝ 5: Այս մասին այսօր խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ 2017-2018 թվականներին հակամրցակցային համաձայնությունների մասով նման գործեր չեն եղել, այն դեպքում, երբ 2019-ին՝ 2: «Ինչ վերաբերում է անբարեխիղճ մրցակցությանը, 2017-ին հարուցվել է 55 գործ, 2018-ին՝ 35, 2019-ին՝ 57: Բացի այդ, 2019-ին անցկացվել է հակամրցակցային գործողությունների մասով 6 հետաքննություն»,-նշեց պաշտոնյան:

Նա հավելեց, որ հանձնաժողովն արտակարգ դրության սահմանման շրջանում անցկացրել է 39 տեսակի մթերային ապրանքների մասով հետաքննություններ, որոնք օրենքով չեն կարող անցկացվել ամսական 2 անգամից ոչ հաճախ: «Արդյունքում հայտնաբերվել են խախտումներ եւ՛ ներմուծողների, եւ՛ միջնորդների, եւ՛ առեւտրի կետերի շրջանում: Չկա ոլորտ, որտեղ հանձնաժողովը հետազոտություններ չի անցկացրել: Ավելին, ոչ մի հարեւան երկրում նման քանակով ստուգումներ չեն անցկացվել, ինչպես Հայաստանում»,-պարզաբանեց Գեւորգյանը:

Նրա պնդմամբ՝ նկատվում է ոչ միայն գնաճ, այլ նաեւ գնանկում: «Ինչ վերաբերում է բանանի գներին, ապա աճը կազմում է մոտ 130 դրամ: Այդ շուկայում մենաշնորհ չկա, աճում է ներմուծողների թիվը»,-նշեց նա: