ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել  Շենգավիթ համայնքի 45-ամյա տղամարդուն:

Պարզվել է, որ 45-ամյա տղամարդը 2019թ. հոկտեմբերի 16-ին, Երեւան քաղաքի բնակչուհու նորածին երեխային իր եւ իր կնոջ խնամքին հանձնելու շուրջ նախապես ձեռք բերված պայմանավորվածության իրագործման նպատակով, Երեւանի բնակչուհուն ուղեկցել է  ՀՀ ԱՆ աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին եւ հայտնել  ակնհայտ կեղծ տեղեկություն, թե իբր ինքն է հանդիսանում վերջինիս նորածին երեխայի կենսաբանական հայրը: 45-ամյա տղամարդուն զգուշացվել եւ տրամադրվել  է փաստաթուղթ այն մասին,  որ սուտ տեղեկություններ հայտնելու համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել: Այն ստորագրվել է նրա կողմից՝ դրանով  իսկ վերահաստատելով իր  հաղորդած տեղեկության հավաստիությունը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 169¹-րդ հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է: