Ամեն տարի ամռան վերջին Samsung-ը թողարկում է Galaxy Note հավաքածուի ֆլագմանային սմարթֆոն: Այն սովորաբար օգտագործում է նույն հաշվիչ պլատֆորմը եւ խցիկները, ինչ եւ Galaxy S «գարնանային» ֆլագմանները, բայց դրա հետ մեկտեղ առաջարկում է վիթխարի էկրան եւ պատյանի մեջ թաքցված S Pen թվային գրիչ: Հիմա հայտնի է դարձել, թե 2020 թվականին ինչպիսին կլինի Note 20-ը, փոխանցում է «Վեստին»:

Այս տարի կորեական ընկերության մոտեցումը ֆլագմանային սմարթֆոնների հավաքածուի ստեղծմանը տարբերվում է. բացի «կոմպակտ» եւ «մեծ» Galaxy S-երից (S20 եւ S20+), անմիջապես գարնանը թողարկեցին Galaxy S20 Ultra-ն՝ մեծ էկրանով, տարողունակ մարտկոցով եւ պրեմիումային դիզայնով: Փաստացի այն, ինչը Note-ի երկրպագուները սիրում են, առաջարկեցին արդեն գարնանը՝ բացառությամբ թվային գրիչի:

Ինչպես պարզվում է արտահոսքերից (OnLeaks ինսայդերի աջակցությամբ եւ արտահոսած CAD գծագրերի հիման վրա ստեղծված տեսապատկերները հրապարակել է Pigtou.com կայքը), նոր Note20-ը եւ Note 20+-ը շատ բաներով նման կլինեն հենց S20 Ultra-ին: Առաջին՝ էկրանի չափերով, որը կլինի համապատասխանաբար՝ 6,7 եւ 6,9 դյույմ:

Երկրորդ՝ խցիկի զանգվածեղ ելուստով, որն ավելի նկատելի կլինի «պլյուս» մոդելում: Այն կունենա շրջադիտակային զում խցիկ, ինչպես S20 Ultra-ն: Դատելով այն հանգամանքից, որ երկու Note20-ն էլ կունենան մեծ էկրաններ, գրիչով կոմպակտ սմարթֆոնի թողարկման փորձը անհաջող են ճանաչել:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա Galaxy Note10-ն ունի 6,3-դյույմանոց դիսփլեյ եւ այնպիսի չափեր, որը թույլ է տալիս այն հարմարավետորեն օգտագործել մեկ ձեռքով: