Կապանում քրեական գործը հարուցվել է մի խումբ անձանց կողմից անձի առեւանգման փաստով, որին ես որակում կտայի՝ շատ նման բանդայի դրսեւորման: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մեր հանրությունը պետք է տեսնի, որ այդ քրեական գործն ավարտին է հասցնելու եւ անձին առեւանգելու, ծեծելու, խոշտանգելու համար մարդիկ  կրելու են պատասխանատվություն՝  անկախ այն հանգամանքից, թե որտեղ են աշխատում, համայնքի ղեկավար են, թե ղեկավար չեն եւ ինչ սոցիալական ստատուս կամ նյութական կարողություններ ունեն: Այդ բոլորը պետք է բացառվի: Գործը քննվում է, փաստաբաններ կան ներգրավված, իրավական գործընթացի մեջ է, բոլորը կարող են արտահայտել իրենց կարծիքները»,-ասաց նա:

Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ քրեական տարրերի հետռ գործ ունեն իրավապահները, պատգամավորը պատասխանեց. «Եթե անձը ձերբակալվում է, հետեւաբար նա կասկածվում է որոշակի հանցագործության մեջ: Ուրեմն կան հիմնավոր ապացույցներ, որ անձը կատարել է հանցագործություն: Այլ բանի համար անձը չի ձերբակալվում: Հետեւաբար, դուք կասկածվողին ոնց կբնութագրեք՝ քրեական տարր թե, ոչ, ես չեմ կարող ասել: Արդյոք նրանք շարունակական միշտ կատարել են այդպիսի արարքներ, թե ոչ, դա  կպարզի քննությունը: Բայց այս պահին նրանք մեղադրվում են հանցավոր արարք կատարելու մեջ,  կան կասկածներ, որ իրենք են կատարել, հետեւաբար նախաքննությունը պետք է ավարտվի իր տրամաբանությամբ»:

Դիտարկմանը, թե ամեն օր բազմաթիվ հանցագործություններ են կատարվում, ինչո՞ւ հենց այս դեպքում աղմուկ բարձրացավ, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է այդ հարցը տալ աղմուկ բարձրացնողներին: Կարծում եմ՝ անձնական եւ մի շարք շահերով պայմանավորված աղմուկը սրանով է բացատրվում: Մի շարք ռեսուրսներ ունենալու պատճառով է, որ մարդիկ այսօր ունեն որոշակի ռեսուրսներ՝ նյութական, դրամական, եւ ինչու չէ՝ պաշտոնական եւ այդ ռեսուրսների օգնությամբ փորձում են քնգործի քննությունը փակուղի մտցնել: Քննությունը տարվում է նաեւ Քաջարանի համայնքապետի մասնակցության աստիճանը որոշելու համար: Հիմա քննարկվում  հարցը, թե նրա դերակատարումն որքան է եղել՝ կազմակերպել է, օժանդակել է, դրդել է, թե ինքն է կատարել: Այդ խնդիրները պետք է պարզվեն եւ արդեն պարզ է այս բողոքի ակցիայի իմաստը»:

Նա հավելեց, որ ըստ իր տեղեկությունների այնտեղ շահերով պայմանավորված անձինք են երեկ հավաքվել Կապանում. «Այդտեղ ժողովրդի կամք չկար, շահերով պայմանավորված մարդիկ էին հավաքվել, որպեսզի կարողանան ներազդել գործի քննության վրա:

Իհարկե այդ ակցիան ինքնաբուխ չէր: Եթե ինքնաբուխ լիներ, ապա ամեն մի քրեական գործով կհավաքվեր 100-200 հոգի եւ կասեին՝ մենք չենք ուզում, որ գողության համար ընդհանրապես մարդ դատապարտվի»: