Բեքի Փոփեմը, ով Անգլիայի Սոմերսեթ կոմսությունում արոտավայրի սեփականատեր է, վերջերս ԶԼՄ-ներին պատմել է իր կենդանիների հետ կատարված զարմանալի դեպքի մասին։ Ուելսյան լեռնային պոնիի Հայդի անունով 10-ամյա զամբիկը սկսել է հոգ տանել վերջերս որբացած երեք գառների համար, հայտնում է Nat-geo-ն։

Ինչպես պատմել է Բեքին, գառնուկները, որոնց անվանել են Արքայազն, Ցողիկ եւ Ջորջ, որբացել են մեկ ամսական հասակում։ Դրանից հետո նա գառնուկներին տեղափոխել է պոնիի տարածք, քանի որ նրան փոքրիկները չէին անհանգստացնի։ Սակայն Հայդին որոշել է գառների համար դառնալ ավելին, քան բարեհամբույր հարեւանուհին է՝ նա սկսել է խնամել նրանց, հետեւել ամենուր եւ նրանց կողքին քնել։ Երբեմն նա նույնիսկ կերակրել է ձագուկներին՝ զամբիկի մոտ կաթ է հայտնվել։ Գառներին նաեւ օրական երեք անգամ շշից են կերակրում։

Անասնաբույժը, որին դիմել է արոտավայրի տիրուհին, ասել է, թե այս դեպքում արտառոց ոչինչ չկա՝ Հայդիի մոտ պարզապես մայրական բնազդներ են առաջացել, իսկ թե ինչպես լինել լավ մայր, նա արդեն գիտի (պոնին հինգ տարի առաջ ձագ է ունեցել)։ Բնության մեջ նման բաներ հաճախ են պատահում։