Կորոնավիրուսի համավարակից հետո կարող է աճել կենսաբանական զենքի օգտագործման վտանգը, նախազգուշացնում են Եվրոպայի խորհրդի ահաբեկչության  դեմ պայքարի փորձագետները։ Ներկա իրավիճակը ցույց տվեց ժամանակակից հասարակության խոցելիությունը վիրուսային վարակների հանդեպ եւ դրանց սարսափելի ներուժը, ասվում է փորձագետների եզրակացության մեջ, հայտնում է DW-ն։

Ծայրահեղականների կողմից կենսաբանական զենքի օգտագործումը կարող է շատ ազդեցիկ լինել եւ մարդկանց ու տնտեսությանը ավելի մեծ վնաս հասցնել, քան «ավանդական» հարձակումները: Որոշ ծայրահեղական խմբավորումներ արդեն փորձարկել են նման զենքեր, ասվում է եզրակացության մեջ:

Փորձագետները Եվրոպայի երկրներին կոչ են անում ուժեղ եւ համակարգված պատասխան մշակել այդ հնարավոր սպառնալիքին: Նրանց կարծիքով՝ անհրաժեշտ է մոնիթորինգի ընդհանուր համակարգ, որը կկարողանար օգնել կասկածելի դեպքերի հետաքննության հարցում: