Իսպանիան  Եվրոպայում խստագույն սահմանափակումների մեղմացման ֆոնին օտարերկրյա զբոսաշրջիկներին կոչ է արել վերադառնալ հուլիսին, փոխանցում է Reuters-ը:

Այցելությունների թվով աշխարհի երկրորդ երկիրը մարտին փակել էր իր դռներն ու լողափերը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարի համար, այն նախատեսում է մի քանի շաբաթվա ընթացքում վերացնել 14-օրյա կարանտինի պահանջը արտերկրից ժամանածների համար:

«Լիովին տրամաբանական է պլանավորել ձեր ամառային արձակուրդը՝ հուլիս ամսին Իսպանիա գալու համար»,- Onda Cero ռադիոկայանին հայտարարել է տուրիզմի նախարար Ռեյես Մարոտոն:

Իսպանիան սովորաբար տարեկան 80 միլիոն մարդ է ընդունում, զբոսաշրջությունը կազմում է համախառն ներքին արդյունքի ավելի քան 12 տոկոսը եւ աշխատատեղերի ավելի մեծ բաժինը, ուստի ամառային սեզոնը կարեւոր է վերահաս անկումը մեղմելու համար:

Չնայած, որ մայիսի 25-ից թույլատրվել է բացել բարերի եւ սրճարանների ամառային տեռասները, շատ բարեր ու ռեստորաններ Մադրիդում եւ Բարսելոնայում փակ են մնացել, քանի որ տերերը հոռետեսորեն են տրամադրված: «Դա բարդ է, մենք չենք կարողանա փրկել տուրիստական ​​սեզոնը, եթե օտարերկրացիներ չգան»,- ասել է  Բարսելոնայում ռեստորանի սեփականատեր Ալֆոնսո Գոմեսը: