«Լուսավոր Հայաստանը» դատապարտում է բռնությունը, որ ոստիկանության աշխատակիցները կիրառել են Կապանում: Այս մասին մայիսի 25-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար եւ խորհրդարանական խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Մարուքյանը նշեց, որ վերջին 2 տարում ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների մասին հրապարակումների նա չի հանդիպել:

«Իսկ այժմ ոստիկանությունը խոշտանգումներ է իրականացնում քաղաքացիների նկատմամբ, եւ դա միանշանակ է»,- ասաց կուսակցության ղեկավարը:
Նրա կարծիքով՝ այս միջադեպի կապակցությամբ Հատուկ քննչական ծառայության շրջանակներում անհրաժեշտ էր քրեական գործ հարուցել, այլ ոչ թե՝ ծառայողական հետաքննություն:

«Եթե ինչ-որ մեկը կարող է արդարացնել բռնությունը, ապա այս դեպքում ասելու բան չկա»,- շեշտեց Մարուքյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին՝ ժամը 09:40-ին, Սյունիքի մարզային քննչական վարչություն բերման են ենթարկվել Քադաջարանի երեք բնակիչներ Նվեր Խառատյանը, Խորեն Միրզոյանը եւ Լեւոն Համբարձումյանը:

Քաղաքացիները հավաքվել էին վարչության եւ ոստիկանության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել բերման ենթարկված մարդկանց:

Ըստ հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ծեծի են ենթարկվել: Ընդ որում, վարչության պետը հերքել է այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ ձերբակալությունն իրականացվել է օրենքին համապատասխան:

Ավելի ուշ Նվեր Խաչատրյանն ազատ էր արձակվել: Իրավապահները պնդում են, որ քաղաքացիներին բերման են ենթարկել ծանր հանցագործություն կատարելու կասկածանքով: